Երկու տարի շարունակ Արցախի և Հայաստանի տարածքների հանձնումը Բաքուն, բայց, ցավ ի սիրտ, նաև պաշտոնական Երևանը, հիմնավորում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտնի ու տխրահռչակ եռակողմ հայտարարությանը հղում կատարելով։ Մինչդեռ, ծանրակշիռ հակափաստարկներ կան առ այն, որ Աղավնոյի, Բերձորի հանձնման մասին խոսք չի կարող լինել և միայն ամրագրվել է Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհի մասին կետը։

«Նախ, այդ «Հայտարարություն» կոչված փաստաթուղթը, որպես միջազգային պայմանագիր, կարող էր իրավական ուժ ձեռք բերել և կիրառվել բացառապես Սահմանադրության 116-րդ հոդվածի ուժով վավերացվելու պարագայում։ Իհարկե, կարող են արդարացնել իբր կրակը շուտափույթ դադարեցնելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ, սակայն դրա համար հարկ էր առանձին հայտարարել զինված ուժերը տվյալ պահին գտնվելու վայրում կանգնեցնելու և կրակը դադարեցնելու մասին՝ որոշակի ողջամիտ սեղմ ժամկետում վիճահարույց հարցերի շուրջ բանակցություններ նախաձեռնելու և սահմանված կարգով միջազգային պայմանագիր կնքելու պարտավորությամբ»,-ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում ընդգծեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

Ընդ որում, ըստ փորձառու իրավաբանի, նույն այդ հայտարարությամբ կարող էր լուծվել նաև խաղաղապահ զորքերի տեղակայումը, քանզի դա չեն բացառում մասնակից պետությունների սահմանադրությունները։ Նրա պնդմամբ, հենց սկզբից ակնհայտ էր, որ անտեսվելու էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը վավերացնելու սահմանադրական նորմը, քանզի այնպիսի սեղմ ժամկետներ էին նախատեսված, որոնք պարզապես իրատեսական չէին վավերացման գործընթացի տեսանկյունից։

«Շատերն են նկատել, որ hայտարարության ռուսերեն և հայերեն տարբերակները ամբողջությամբ միմյանց չեն համապատասխանում, առավել խոցելի է հայերեն տարբերակը։ Բայց անգամ այդ տեսանկյունից, հիշյալ տարածքները զիջելու մասին հայերեն տարբերակում ակնարկ անգամ չկա և սկզբունքորեն չէր էլ կարող լինել»,-նշեց մեր զրուցակիցը։

Գևորգ Դանիելյանի բնորոշմամբ, խնդրի առնչությամբ որևէ հստակ ու միասնական պարզաբանում չի հնչում․ հայկական կողմը պարզաբանում է, որ դրանց հանձնումը նախատեսված է եղել Հայտարարությամբ. այս դեպքում, հավանաբար գործում է արդեն «ներքին տրամաբանությունից ու ընկալումներից է բխում» հայտնի պոստուլատը։

«Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ դեռ շատ նմանաբնույթ անակնկալներ են սպասվում, եթե խոչընդոտվի «Մեղրու միջանցքի» հարցը։ Ռուսական կողմը պարզապես հղում է անում նոր ճանապարհի կառուցման հիմքով խաղաղապահների վերատեղակայման վրա, սակայն այն չի փոխկապակցում բնակավայրերը հայաթափելու անհրաժեշտության հետ։

Ըստ էության, խոսքը հենց հայաթափման, էթնիկ զտումների մասին է, որպիսի ոճրագործությանը չպետք է մասնակցի որևէ կողմ։ Հասկանալի է, որ տվյալ դեպքում Արցախյան իշխանությունները, ստանձնելով Բերձորի և Աղավնոյի բնակիչների տեղափոխման առաքելությունը, թերևս, ղեկավարվում են վերջիններիս անվտանգության խնդիրներով։ Սակայն ողջ հիմնահարցն էլ այն է, որ որևէ մեկն այդ մասին չի բարձրաձայնում և փորձում են այն նենգափոխել իբր Ադրբեջանին պատկանող տարածքները զիջելու անհրաժեշտությամբ»,-ասաց մեր զրուցակիցը։

Դանիելյանը համոզված է՝ Արցախի, իսկ մեր օրերում արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը հայտնվել է խիստ վտանգավոր գոտում, ինչից բխում է, որ զուտ անվտանգություն երաշխավորելու նկատառումով վիճահարույց տարածքներ զբաղեցնելը որևէ կերպ հակասության մեջ չէ միջազգային իրավունքի սկզբունքների հետ։

Զրուցեց՝ Արա Ալոյանը