Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանության ոչ մի ճյուղ նորմալ չի գործում, եթե մեղմ ձևակերպում տանք, իսկ եթե ավելի պրագմատիկ լինենք և ընդհանրացնենք, խոսքը պետական տոտալ ձախողման մասին է։ Դատական իշխանության մասին խոսելիս էլ՝ առանձնակի կամք, նյարդ ու համբերություն է պետք՝ թվարկելու այն ահռելի խնդիրները, որոնք, հատկապես, վերջին տարիներին ավելի ցցուն դարձան (քաղբանտարկյալներ, ռեպրեսիաներ, կամայական որոշումներ, ընտրովի արդարադատություն և այլն):
Իսկ ահա նախընթաց 2 տարում, Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո, դատաիրավական համակարգի անիրավություններն ուղեկցվեցին ներքաղաքական սրացումներով։
«Գլխավոր խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունները «բարեփոխումների» անվան տակ փորձում են, ըստ էության, չեղարկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են եղել երկար տարիների ընթացքում»,- ԼՈՒՐԵՐ․com-ին իր դիտարկումները ներկայացնելիս՝ նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա պնդմամբ, դատաիրավական ոլորտում կառուցվածքային նախընթաց փոփոխությունները որպես կանոն ուղղված են քաղաքական նպատակներին։
«Միայն «կալանք տվող դատավորներ» անունը ստացած դատավորների առանձնացումը դրա մասին է վկայում։ Դրա մասին է վկայում նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը՝ իրենց ամբողջ ուղղահայացով, դրանց ընտրվելու ժամանակ ներկայացվող չափանիշները, թե ինչպես են մարդիկ ընտրվում», - մատնանշեց իրավապաշտպանը։
Դատական իշխանության խնդիրները գնալով ավելի խորանում են, և դրանց լուծման համար քաղաքական լուծումներ են պետք․ անհնար է ցանկացած ոլորտի որևէ խնդիր լուծել՝ առանց համապարփակ քաղաքական լուծումների։
Արա Ալոյան