Ռազմական գործողությունների անմիջապես սկզբից, հակառակորդի դեմ վարելով դիրքային մարտեր, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները:
Ջերմուկ քաղաքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հանդիպմանն այս մասին ասաց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
«Օրվա ընթացքում որոշ ուղղություններում, նաև հաշվի առնելով հակառակորդի ստորաբաժանումների գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր կորցրել ենք, որն էլ հիմք է հանդիսացել, որ հակառակորդը կարողանա իր հարյուրավոր ու ավելի մեծ քանակությամբ ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը:
Որոշ ուղղություններում մեր ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում, ինչպես Ջերմուկի ուղղությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան, արևելյան մյուս ուղղություններում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր: Այն, ինչ ներկայացրել եմ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի մխրճման մասով՝ սկսել է սեպտեմբերի 12-ից լույս 13-ի գիշերը և շարունակվել մինչև հրադադարի ռեժիմի հաստատումը: Ջերմուկ քաղաքից մինչև սահման ռազմական գործողություններից առաջ հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կմ, իսկ ներկայումս հակառակորդը 4.5 կմ հեռավորության վրա է»,- ասել է Ասրյանը: