Մարդկության պատմությունը մշտապես ուղեկցվել է ռազմական հակամարտություններով, ճակատամարտերով, աշխարհամարտերով, ազգամիջյան ընդհարումներով և այլն։ Համաշխարհային տարեգրությունը նման դիպվածների պակասություն չունի, ավելի՛ն, պատմությունն իսկ պատերազմների վիճակագրություն լինի ասես, այդ թվում՝ հայոց պատմությունը։
Ազգերի ինքնահաստատման, ազգերի հզորության ու ինքնության հաղթաթուղթը միշտ էլ եղել է պատերազմներում հաղթանակելու փաստը․ մենք՝ հայերս, մեզ առ այսօր զորեղ ենք համարում Հայկ նահապետի՝ Բելին հաղթելու, Տիգրան Մեծի՝ աշխարհակալ լինելու, Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի հերոսական սխրանքների, ֆիդայական շարժումներում Արաբոյի, Չաուշի, Անդրանիկի փառահեղ հաջողությունների, աշխարհամարտերում (առաջին, երկրորդ) Միսաք Մանուշյանի, Բաղրամյանի, Բաբաջանյանի և այլոց ծանրակշիռ դերի, Արցախյան շարժման ժամանակ Մոնթեի, Ազգալդյանի, Վազգեն Սարգսյանի և մյուս երևելի հերոսների ռազմական շեդեվրների շնորհիվ։
Կարճ ասած, երկիր մոլորակը ուժի գերադրության մեջ է եղել հավիտենապես։ Եվ, ինչպես ասվում է հայտնի ձևակերպման մեջ՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Սա՝ իբրև փաստ ու ճշմարտություն, ոչ թե՝ բաղձալի իրողություն։
Այսօր էլ, աշխարհի բոլոր անկյուններում եղբայրասպան պատերազմներ են կամ դրանց սպառնալիքի օջախներ՝ ռուս-ուկրաինական, հյուսիս-հարավ կորեական, զույգ Իռլանդիաներ, Չինաստան-Թայվան, իսրայելա-պաղեստինյան, թուրք-սիրիական։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության թնջուկը դեռ մեր ուսերին՝ ներքաշված ենք Ադրբեջանի ագրեսիայի մեջ, որը խուժել է մեր երկրի ինքնիշխան տարածք ու պահանջում է ավելին, քան տրվել է այս իշխանությունների ապիկարության ու մարդկային, պետական անպատվախնդրության շնորհիվ, եթե չասենք՝ դավաճանության ու ապազգայնության։
Հիմա էլ, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին միջամտելու ու էսկալացիան թուլացնելու համար, պարզվում է, որ նույն կառույցի երկու անդամները՝ Ղրղստանն ու Տաջիկստանը, ռազմական բախումների մեջ են (զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ կան արդեն), Վրաստանին էլ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու ուղղակի և անուղղակի կոչ է անում Ուկրաինան, ինչը հարուցել է Աբխազիայի մտահոգությունը․ այստեղ հայտարարել են, որ պատերազմի հավանականությունը մեծ է․․․
Ավաղ, պատերազմներն արդեն երկու հարևանների «անշառ» կռիվներ չեն, որովհետև ուժի, բռունցքի, մկանի համաշխարհային պոդիումի վրա անտեսված են սովորական մարդու տարրական իրավունքները՝ ապրել, ապրել խաղաղ, ապրել հանուն խաղաղության․․․
Արա Ալոյան