Հայ-իրանական հարաբերությունների մասին խոսելիս՝ անհնար է շրջանցել Արցախյան հիմնահարցը։
Մասնավորապես, հանրության մեջ գերիշխում է մտայնությունը, թե Թեհրանը, չնայած Բաքվի հետ ունեցած որոշ խնդիրներին ու տարաձայնություններին, ԼՂ հարցով պրոադրբեջանական դիրքորոշում ունի, քանի որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Բացի այդ, շատ է խոսվել ու խոսվում այն մասին, որ 44-օրյա պատերազմից հետո Իրանը առաջիններից մեկն էր, որ հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց Ադրբեջանին։
«Նրանք, որ քարոզում են, թե Իրանը շնորհավորեց Ադրբեջանին, չեն խոսում այն մասին, որ Իրանը 30 տարի կողմ էր Արցախի հայկական վերահսկողության հետ, ոչ մի բողոք չէր էլ ներկայացնում և լուռ էր, հետևաբար, եթե Իրանը կողմ լիներ Արցախի ադրբեջանական լինելու հետ, այս 30 տարիներին կխոսեր այդ մասին»,-ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։
Նրա խոսքով, Իրանից սպասելիք ունենալուց առաջ, պետք է արձանագրել, որ Հայաստանն ինքը Արցախը ոչ մի կերպ չի ճանաչել, ոչ որպես իր բաղկացուցիչ մաս և ոչ էլ՝ անկախ։
«Իրանը որպես տարածաշրջանի կարևոր երկիր, իր բոլոր հարևանների հետ փորձում է չափավոր շփվել, այդ հարևանի շարքում է նաև Ադրբեջանը, մենք չենք կարող սպասել, որ Իրանը մեր փոխարեն կռվեր կամ որոշումներ կայացներ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Արա Ալոյան