Այն, որ ռազմական կրթությունը պետք է դառնա հանրային՝ վաղուց ձևավորված պահանջ է՝ հաշվի առնելով Հայաստանի անվտանգային սպառնալիքները, 2020 թ․ 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդող պարբերական հարձակումները թշնամու կողմից։
Հանրակրթության նոր չափորոշչով՝ ՆԶՊ առարկայից պարտադիր է դառնում գործնական բաղադրիչը՝ ճամբարը, տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս տարի Տավուշի մարզում այն փորձարկվել է 11-րդ դասարանցիների համար, իսկ մյուս ուսումնական տարվանից ռազմամարզական ճամբարը գործելու է բոլոր 11-րդ դասարանցիների համար։
Որքանո՞վ կարող է սա արդյունավետ լինել ռազմահայրենասիրական ոգու բարձրացման և ռազմական կրթությունը հանրային դարձնելու տեսակետից։
«Որքանո՞վ կարող է անհավատը քրիստոնեություն քարոզել, նույնքան էլ ապազգային իշխանությունը կարող է ազգային ծրագրեր իրականացնել, այդ թվում՝ կրթական, մշակութային և այլն։ 2018 թ․ Արայիկ Հարությունյանը, որ քայլում էր իշխանազավթ Նիկոլ Փաշինյանի կողքին, դառնալով ԿԳՄՍ նախարար, գերատեսչության սեղանին դրված է եղել ՀՀ ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգ։ Եվ նրանք մերժեցին դա՝ ասելով, որ իրենց համար ազգայինը կարևոր չէ»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում շեշտեց «Հայ ազգային ճակատի» հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
Ռազմական գործչի պնդմամբ, նոր իշխանությունները նույնպիսի հակաքարոզ էին իրականացնում ԱԶԳ-ԲԱՆԱԿ ծրագրի (որի մեջ ներգրավված էին դպրոցները, համալսարանները և ամբողջ հանրությունը) դեմ՝ դա անվանելով «միլիտարիզմ» (ռազմականացում) և նման անհեթեթ ու հիմար պիտակավորումներ։
«Չնայած նախկին իշխանությունների բացթողումներին, այդուհանդերձ, պետք է արժանին մատուցել, թե ինչ ուշադրություն էր դարձվում մատաղ սերնդի ու երիտասարդների շրջանում ռազմական կրթությանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը․ հիշենք պատանի ու երիտասարդ երկրապահներին, ինչպես էին ճամբարներ կազմակերպվում, նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիներ սովորում էին զենքին տիրապետելու արվեստին, և, ընդհանրապես, նրանց շրջանում քարոզվում էր նվիրումը Հայրենիքին ու ազգային գաղափարներին»,-նշեց Գևորգ Գևորգյանը։
Նա նշեց, որ չի հավատում, թե իշխանազավթ իշխանությունները կարող են որևէ ազգային բան անել հանուն Հայրենիքի։
«Ռազմամարզական ճամբարների կազմակերպմամբ իշխանությունները հերթական անգամ փորձում են հաճոյանալ, քծնել և խաբել հասարակության՝ ազգային գիտակցություն ունեցող հատվածին, սա նոր ճանապարհ է՝ քնեցնելու, համոզելու, թե իրենք, իբր, ազգային են, խելքի են եկել ու ամեն ինչի հետևություն են արել, այսինքն՝ սա մանիպուլյացիայի հերթական ձև է, որի նպատակը մեկն է՝ պահել իրենց իշխանությունն ու աթոռները, որովհետև հրաշալի գիտակցում են, որ դա կորցնելուց հետո պետական դավաճանության հոդվածով բոլորն անխտիր դատվելու են»,-ասաց Գևորգյանը։
Արա Ալոյան