Արցախի ու արցախահայության ճակատագիրը շարունակում է մնալ համայն հայության մտահոգության տիրույթում։ Իշխանությունների մասով՝ ամեն ինչ ակնհայտ է․ պաշտոնական Երևանը Արցախի հանրապետության հետ առնչությունները դրսևորում է զուտ սոցիալ-տնտեսական և ֆինանսական ձևաչափում։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, պնդում է, թե Արցախի հարցում Հայաստանն այլևս ասելիք ու անելիք չունի․ սա, կարծես, հնչում է ոչ թե իբրև մտահոգություն, այլ դատավճռի պես։

«Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ելնում է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի անբեկանելի իրականացումից՝ որպես Արցախյան հակամարտության միջանկյալ լուծում: Դա էր 1988-1991 թթ. Արցախյան շարժման ազգային, ինչպես նաեւ միջազգային ընկալումը, որը տասը տարի անց հանցավոր քաղաքական սխալների հետեւանքով կամ էլ ռուսական հատուկ ծառայությունների առաջադրանքով փոխարինվեց ՀՀ-Ադրբեջան տարածքային վեճով: 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ՀՀ-ն պարտավոր է վերադառնալ Շարժման ակունքներին եւ վերադասավորել եւ համակարգել Արցախյան հարցում Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումները, որոնք ներկայումս բավական տարբեր են, երբեմն էլ՝ իրարամերժ»։

ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Եվրոպական կուսակցության (ՀԵՎԿ) նախագահ Տիգրան Խզմալյանը։ Նրա պնդմամբ, պետք է հրաժարվել ոչ միայն Քոչարյան-Սարգսյան զույգի ռուսամետ «հարմարվողական» մոտեցումից, որն առ այսօր բնորոշ է Ստեփանակերտի քաղաքական շրջանակին, այլ նաեւ Տեր-Պետրոսյանի պարտվողական հռետորաբանությունից, որն ընդունել է Փաշինյանի օրոք «խաղաղասիրական» բնույթ:

«Հայաստանը պարտավոր է հանդես գալ որպես Արցախի եւ արցախահայության ֆիզիկական գոյության եւ քաղաքական ինքնիշխանության երաշխավոր, հիմնվելով Գենոցիդի եւ Պատրիացիդի (հայրենազրկման) անընդունելիության եւ կանխման միջազգային սկզբունքի վրա: Ադրբեջանական վերջին վայրագությունները հիմք են տալիս դիմել աշխարհին արցախահայությանը միջազգային երաշխիքներ եւ խաղաղապահների պաշտպանության պահանջով, որպես հարցի միջանկյալ լուծում, որը կնմանվի Կոսովոյի ինքնորոշման նախադեպին»,-նշեց մեր զրուցակիցը:

Հաջորդ քայլը, ըստ Խզմալյանի, պետք է լինի ՀՀ արագ մերձեցումը Արեւմուտքի հետ, որը նոր դիրքեր կապահովի մեզ համար Ադրբեջանի գալիք քաղաքական եւ տնտեսական թուլացման ու քայքայման պահին․

«Այդ փուլում Արցախը կարողանալու է վերադառնալ ՀՀ հետ Միացման գաղափարին, որը մեզ համար մնում է վերջնանպատակ եւ որը պետք է պատրաստել առանց ավելորդ աղմուկի, համբերատար եւ համախմբված ջանքերով»։

Արա Ալոյան