2022 թվականի հոկտեմբերի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն վերադարձրած 17 զինծառայողների խոշտանգված չլինելու մասով' ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի կողմից civic.am կայքին տրված պատասխանն ունի որոշակի պարզաբանումների և մի շարք հատվածներում նաև' հերքման անհրաժեշտություն:
«Հիշյալ հանգամանքով պայմանավորված' հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոնշյալ 17 զինծառայողների հետ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ, մասնավորապես՝ կատարվել են հարցաքննություններ, փորձաքննություն նշանակելու համար ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական և այլ փորձաքննություններ, զինծառայողները ներկայացվել են ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ՝ փորձաքննվելու համար:
Վերադարձված ռազմագերիների մասնակցությամբ դեռևս ընթացքում են գտնվում հարցաքննությունները, ուստի' 2022 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ քրեական վարույթն իրականացնող մարմինը Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Թադևոսյանին օբյեկտիվորեն չէր կարող տրամադրել տեղեկատվություն' դեռևս չավարտված քննչական գործողության արդյունքների վերաբերյալ։
Ասվածից հետևում է, որ վերոգրյալ պատասխանում ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնյան չէր կարող հաստատապես փաստել հայ զինծառայողների խոշտանգված չլինելու հանգամանքը, և հրապարակվածը հեռախոսային կարճ հարցազրույցի ընթացքում տրված հարցադրումների ու պատասխանների ոչ ճիշտ ընկալման արդյունք է, և մամուլի խոսնակն ընդամենը նպատակադրում է ունեցել տեղեկացնել իր կողմից խոշտանգման հանգամանքի վերաբերյալ տեղեկություններ չունենալու իրողությունը:
Այս ամենով հանդերձ՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հրապարակված և զինծառայողների' ծանր վիրավորում ստացած չլինելու, խոշտանգված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,-նշվում է ՔԿ-ի պարզաբանման մեջ: