Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ վատ տրամադրություն ունեցող մարդիկ պատմություններ լսելիս կարող են ավելի արագ նկատել սխալները: Հետազոտությունը հրապարակված է Frontiers in Communication ամսագրում:
Գիտնականները մանիպուլյացիայի են ենթարկել հետազոտության մասնակիցների տրամադրությունը՝ նրանց ցուցադրելով տեսահոլովակներ «Սոֆիի ընտրությունը» տխուր ֆիլմից կամ «Ընկերները» կատակերգությունից: Կատակերգական հոլովակները չեն ազդել մասնակիցների տրամադրության վրա, սակայն տխուր հոլովակները կարողացել են մասնակիցների մոտ ավելի բացասական տրամադրություն ստեղծել։ Բոլոր մասնակիցները կանայք էին։
Այնուհետև մասնակիցները լսել են մի շարք էմոցիոնալ նեյտրալ ձայնագրություններ: Յուրաքանչյուրը բաղկացած էր չորս նախադասությունից, որոնցից մեկը պարունակում էր տրամաբանական սխալ։ Օրինակ՝ գիշերը մեքենա վարելու մասին պատմվածքում կամ աստղեր դիտելու մասին տեքստում ներառվել էր «Միացած լույսերի դեպքում ավելի վատ կտեսնեք» նախադասությունը։ Առաջին դեպքում այս պնդումը սխալ էր, երկրորդում՝ ճիշտ։
Գիտնականները պարզել են, որ երբ մասնակիցները վատ տրամադրություն են ունեցել, նրանք ավելի արդյունավետորեն են նկատել սխալները։ Ուղեղի ալիքների ակտիվության վերլուծությունը հաստատել են, որ մարդիկ ավելի զգույշ և ուշադիր էին: