ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահները կոչ են արել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ դադարեցնելու Արցախի շրջափակումը' նախքան ճգնաժամի աղետալի դառնալը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի կոմիտեն։
Ինչպես նշել են կոնգրեսականները, անհրաժեշտ է, որ Բայդենի վարչակազմը դադարեցնի ցանկացած ռազմական աջակցություն Ադրբեջանին, պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի ղեկավարության դեմ տևական պատերազմական հանցագործությունների համար և անհապաղ օդային ճանապարհով մարդասիրական օգնություն հասցնի Արցախ։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն և Աննա Էշուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատոր Սամանթա Փաուերին ուղղված նամակում նշել են. «Լաչինի միջանցքը պարզապես չի գործում։ Ալիևի ռեժիմը միտումնավոր քայլեր է ձեռնարկում հայ բնակչությանն Արցախից վտարելու և նրանց պապերի հողում ազատ ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Սա էթնիկ զտումների ակնհայտ նշան է, որը չի կարելի անտեսել»: