ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Արցախի քաղաքական-հասարակական դիսկուրսում չի հանդիպել լուրջ քաղաքական ուժերի, գործիչների, ովքեր կհայտարարեն, թե կողմ են ապրելու Ադրբեջանի կազմում կամ ընդհանուր համակեցության պայմաններում:

«Կրկնում եմ' հանրային խոսքում, թեպետ կան մարգինալ խմբեր, ովքեր տարբեր փաթեթավորմամբ պաշտպանելով ՀՀ իշխանությունների քաղաքական գիծը, ըստ էության, կրում են Արցախի հանձնման գիծը:

Ինչևէ, Արցախում հիմնական քննարկումը նրա շուրջ է, թե պայքարն ինչ մարտավարությամբ է տարվելու:

Կա 2 հիմնական տեսակետ:

Առաջին՝ Ադրբեջանի հետ պետք է մտնել ուղիղ շփումների, բանակցությունների դաշտ' առանց միջնորդների: Այս մոտեցումը նաև ՀՀ իշխանություններն են առաջ մղում:

Արցախում այս տարբերակն առաջ տանողներն ասում են, որ վերջին 2 տարիները ցույց են տվել, որ կարելի է Ադրբեջանի հետ ուղիղ խոսել ու արդյունք ապահովել և դա է իրենց համոզմունքը:

Երկրորդ տարբերակ՝ Ադրբեջանի հետ պետք է խոսել, բանակցել, սակայն միջնորդական հարթակի կամ միջնորդների մասնակցությամբ:
Այս մոտեցման կրողները կարծում են, որ Ադրբեջանը խրախուսելու է, նույնիսկ «զիջումներ» է անելու, միայն թե համոզի, որ ճիշտը միջնորդների խաղից դուրս գալն է և իրենց հետ միայնակ բանակցելը, սակայն միջնորդներին խաղից հանելուց և Արցախի դեմ մեն-մենակ մնալուց հետո ագրեսիվ քաղաքականություն է վարելու արցախցիների հետ:

Ադրբեջանը, բնականաբար, փորձում է հասնել քննարկումների առանց միջնորդ տարբերակին, որին կողմ է նաև ՀՀ իշխանությունը:

Ադրբեջանն ակնհայտորեն Արցախը մղում է դեպի ծուղակ' փորձելով նրանց ձեռքերով նախ խաղից հանել ռուսներին, որոնք շատ հարցերով զսպաշապիկ են ադրբեջանցիների համար, ապա միայնակ մնալով Ադրբեջանի հետ, պարզապես կլանել Արցախը», - Facebook-ում գրել է Աբրահամյանը: