Երեկ՝ հունվարի 31-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում գործող «999» բարի առանձնասենյակներից մեկում դանակի սպառնալիքի տակ քաղաքացուց պահանջել և վերցրել են նրա բջջային հեռախոսը, ոսկյա մատանին ու հեռացել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մաիմկոնյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի էր, և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի պարեկների հետ, Խանջյան փողոցում նշված ավազակային հարձակումը կատարելու կասծկածանքով՝ ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժի են տեղափոխել Երևանի բնակիչներ երկվորյակ եղբայրներ 21-ամյա Էրիկ և Էմին Շ․-երին։
Գ․ Շանշյանի տեղեկություններով՝ վերջիններիս այնուհետև Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած քաղաքացին էլ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Մ․-ն է։
Իսկ խոսակցությունը եղել է երկվորյակ եղբայրների և Թաթուլ Մ․-ի միջև գումարային հարցի շուրջ, որի ժամանակ էլ եղբայրներից մեկը դանակի սպառնալիքի տակ իր սև գործն է արել։