Հայաստանի վարչապետջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին, փլուզվեցին, քանի որ Հաագայի միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ, այս մասին ՀՀ վարչապետն ասել է կառավարության նիստի ժամանակ:
«Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատումների մեջ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին, փլուզվեցին, և սա չափազանց կարևոր է:
Վերադառնալով Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի պարտավորությանը՝ սահմանված դատարանի կողմից, պիտի ընդգծեմ, որ Արդբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար: Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձարգույն օղակից՝ Լաչինի միջանցքը բացելու կոչ պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»,- ասել է Փաշինյանը: