ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Sport.es-ը, 35-ամյա արգենտինացին կարծում է, որ դեռ կարողանում է իրեն բարձր մակարդակով դրսևորել և, այդ պատճառով, կխաղա եվրոպական առաջնություններից մեկում։

Այսպիսով, ներկայումս բացառվում է Մեսսիի հնարավոր տեղափոխությունը ամերիկյան «Ինտեր Մայամի», արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» կամ Սաուդյան Արաբիա։

Սպասվում է, որ արգենտինացին նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ։ Կողմերը երկու տարբերակ են քննարկում՝ մեկը մեկ տարվա պայմանագիր է, մյուսը՝ մեկ տարով երկարաձգվող պայմանագիր:

Չի բացառվում նաև Մեսսիին «Բարսելոնա» վերադարձնելու տարբերակը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Խորխե Մեսսին՝ Լիոնելի հայրն ու գործակալը, անձամբ է բանակցում կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ, իսկ խաղացողը շփվում է Չավիի հետ։

Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: