Մարտի 4-ին, ժամը 20.04-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդումներ են ստացվել, որ Խանջյան փողոցում դանակահարված մարդ կա: Հաջորդ հաղորդումը ժամը 20.30-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից էր. Խանջյան փողոցից «մարմնի բազմակի հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել անձն անհայտ մի տղամարդ:
Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի գրպանում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 1,52 գրամ զանգված:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.00-ին Խանջյան փողոցի հյուրանոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երևանցի 20-ամյա երիտասարդը, կյանքից զրկելու նպատակով, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդին, որը Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ է:
Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 5-ին, ժամը 01.40-ին, 20-ամյա երիտասարդին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին:
Ժամը 03.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 29-ամյա երիտասարդը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: