Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան և կհանդիպի իր գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին հայտնում են հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Թեհրանում Բելառուսի պետության ղեկավարը բանակցություններ կվարի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ (...) Լուկաշենկոն հանդիպումներ կունենա նաև առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերի, Իսլամական խորհրդի վեհաժողովի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի և Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի փոխգործակցության զարգացումը' շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա: Ըստ մամուլի ծառայության՝ Լուկաշենկոյի և Ռաիսիի բանակցությունները կանցկացվեն ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Բացի այդ, նախագահները կանդրադառնան արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում նախագծերի իրականացմանը։ Կողմերը հատուկ ուշադրություն են դարձնելու նաև տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակին։