Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով հաստատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը։ Ըստ այդ հայեցակարգի՝ Ռուսաստանն իրեն չի համարում Արևմուտքի թշնամի և չի մեկուսանում նրանից, չունի թշնամական մտադրություններ: Հատկանշական է, որ Ռուսաստանն ապավինում է Արևմուտքի կողմից առճակատման անիմաստության գիտակցման և հավասար փոխգործակցությանը վերադառնալու կամքի վրա։

Այս հայեցակարգն ու հայտարարությունը որքան զարմանալի, նույնքան սպասելի է ստեղծված իրավիճակում: Ի վերջո, Ռուսաստանն այժմ սարսափելի պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, որն արդեն մեկ տարուց ավել է, ինչ հազարով մարդկային կյանքներ է խլում, հետևաբար ՌԴ-ն ինչ-որ պահի պետք է գնար Եվրոպայի հետ երկխոսության՝ հարաբերությունների կարգավորման համար: Այս պարագայում ակնհայտ է՝ վերջինս պետք է ճիշտ ներքին և արտաքին քաղաքականություն վարի, որպեսզի վերջնարդյունքում չկանգնի անդառնալի հետևանքների առաջ, թերևս, նման օրինակներ պատմության ընթացքում քիչ չեն եղել:

Վերլուծելով տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունները՝ կարելի է ասել, որ այս պարագայում Եվրոպա-Ռուսաստան բարիդրացիական հարաբերությունները դրական ազդեցություն կարող են ունենալ ոչ միայն 2 կողմերի, այլև աշխարհի համար: Չմոռանանք այն հանգամանքը, որ չնայած նրան` ՌԴ-ն պատերազմական դրության մեջ է, մեկ է, շարունակում է նոր համագործակցություններ սկսել աշխարհի առաջատար մյուս երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է: Այս համագործակցություններն էլ իրենց հերթին, պարզ է, որ անարդյունք չեն մնա Ռուսաստանի համար և կօգնեն իրագործելու իր ծրագրերը:

Ըստ երևույթին, ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ավելի քան աչալուրջ լինի: ՀՀ իշխանությունները պետք է ճիշտ քաղաքականություն որդեգրեն ստեղծված իրավիճակում, որովհետև մենք այժմ գտնվում ենք «2 քարի արանքում»: Վերջիվերջո, «ամերիկյան նավերը մեր սարերում անելիք չունեն» և վտանգի պարագայում մոտ հարևանն ավելի շուտ կարող է օգնության հասնել, քան հեռու բարեկամը:

 

Նատալի Մկրտչյան