Մհեր Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երեւույթ) եւ խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երեւույթ) ի սպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ազգային ժողով՝ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (նրան մեղադրանք առաջադրելու) միջնորդությամբ։
1) Իրավասու մարմինները մտադիր են Սահակյանին մեղադրանք առաջադրել խուլիգանության (297 հոդվածի 1-ին մաս) եւ Վլադիմիր Վարդանյանին խուլիգանական դրդումներով թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու համար (171 հոդվածի 2-րդ մաս):
2) Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցակազմի հետ։
3) Խափանման միջոց կալանքի թույլտվության միջնորդություն ազգային ժողովին չի ներկայացվել։
4) Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը փաստորեն հերքվել է։
5) Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երեւույթ) եւ խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երեւույթ) ի սպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»,- նշել է նա։