Շաբաթ օրը' ապրիլի 13-ին, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) համագումարում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց նոր կուսակցության պայքարի ուղիների մասին' հայտարարելով բուրժուա-դեմոկրատական հեղափոխության, այսինքն' խոշոր բուրժուազիան կամ օլիգարխիան իշխանությունից պոկելու անհրաժեշտության մասին:

Այսօր հրավիրված մամլո ասուլիսում 168.am-ը հետաքրքրվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանից, թե վերջինս ի՞նչ կարծիք ունի Տեր-Պետրոսյանի առաջարկած դրույթի մասին:

«Տեր-Պետրոսյանն ինձ 2007 թվին խոստացել էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն իրականացնել 2008-ի փետրվարին, որովհետև մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները լավ են ստացվում փետրվար ամսին:

Հետո պարզվեց' նա ինձ մոլորեցրել է, այս քանի տարի է' չի անում, և պայմանավորվածությունն այնպիսին էր, որ նոյեմբերին էլ կլինի սոցիալիստական, կամ դրանից ավելի առաջատար հեղափոխություն, որի պատասխանատվությունն էլ արդեն ինձ վրա էր»,- ի պատասխան' ասաց Մանուչարյանը,- «Եվ նա, չկատարելով իր պայմանավորվածությունը, նաև պրոբլեմներ ստեղծեց երկրորդի համար: Հիմա 5 տարով ուշացել է, տեսնենք' ինչը երբ ենք անում»:

Մեր հարցին' իսկ մայիսին, երբ կկայանան Երևանի ավագանու ընտրությունները, ի՞նչ հեղափոխություններ են լինում, Մանուչարյանը պատասխանեց. «մայիսին հեղափոխություններ չեն լինում, մայիսին լինում է ազգային ազատագրական պայքար»: