Չարլի Չապլինը համարվում է 20-րդ դարի մեծագույն դերասանը և յուրահատուկ մարդկային արժեքներ կրող մարդ։ Սակայն քչերը գիտեն, որ Հայոց ցեղասպանության տարիներին Չարլի Չապլինը հիմնադրել է հայ երեխաներին օգնելու հիմնադրամ և հավաքված ողջ գումարը փոխանցել է այդ հիմնադրամին, գրում է Dzen-ը։

Չարլին, 1920-ականներին ճանապարհորդելով ամբողջ Եվրոպայով, հավաքեց 1 միլիոն ԱՄՆ դոլար (ներկայումս համարժեք է 15 միլիոն ԱՄՆ դոլարին) և ամբողջ գումարը նվիրաբերեց Օսմանյան կայսրությունից փախած հայ որբերին օգնելու համար: Նա անձամբ այցելել է այդ երեխաներին, օգնել Եվրոպայում և ԱՄՆ-ում հայ որբերի համար մանկատների և հատուկ վերականգնողական կենտրոնների կառուցմանը։ Հենց այդ ժամանակ Չարլին նկարահանեց հայտնի «Baby» ֆիլմը, որտեղ նա խաղում էր մի խեղճ տղայի դեր՝ թախծոտ, անմեղ ու մեղմ բնավորությամբ, որը ինչ-որ չափով հիշեցնում էր հայ որբերին։

1965 թվականին աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հրավիրվեց Շվեյցարիա՝ որպես միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ։ Այդ ժամանակ Չարլին 76 տարեկան էր, ապրում էր Ժնևից դուրս գտնվող վիլլայում և հազվադեպ էր հյուրեր ընդունում: Զարմանալիորեն, Արամ Խաչատրյանը հրավեր ստացավ Չապլինից՝ կոմպոզիտորին իր վիլլայում հյուրընկալելու խնդրանքով։

Մի քանի ժամ տևած զրույցից հետո Խաչատրյանը հարցրեց, թե որն է նրա տխուր դեմքի առեղծվածը։ Չապլինը լուռ ժպիտով Խաչատրյանին տարավ իր առանձնասենյակ, որտեղ բացեց մի դարակ՝ ջութակահարների սկավառակներով, ովքեր նվագում էին հայ երաժշտության հանճար և էթնիկ երաժշտության առաջամարտիկ Կոմիտասի երաժշտությունը: Չապլինն ասաց, որ սա իր ամենասիրելի սկավառակներն են, և դրանք լսում է, երբ իրեն հոգեկան անդորր է պետք։ Սկավառակներից մեկը Խաչատրյանին նվիրելով՝ նա ավելացրեց. «Կյանքում մենք շատ ենք մտածում, շատ քիչ ենք զգում։ Իսկ հայկական երաժշտությունը զուտ հույզերի անծայրածիր օվկիանոս է»: