Հայաստանի ՏԻՄ-ում անչափ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել․ ավագանիները, որոնք կոչված էին այս կամ այն համայնքի առջև ծառացած կարևորագույն խնդիրները լուծելու, զբաղված են ամեն ինչով՝ բացառությամբ իրենց բուն գործառույթների: Բանը հասել է նրան, որ օրվա լրահոսից անպակաս են այս կամ այն ավագանու անդամի կատարած ապօրինությունների մասին ահազանգերը, իսկ շատերի դեմ անգամ քրեական գործեր են հարուցված:
Դիցուք՝ Գյումրիում ամիսներ առաջ տեղի ունեցած խուլիգանության ու հափշտակության գործով կալանավորվածներից մեկը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Տեղեկությունը հաստատել էր ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ Հիշեցնենք' ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկությամբ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել էր 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: Հետո հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացիներին կողոպտած և դրա հետևանքով ձերբակալված տղամարդկանցից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Փետրվարի 9–ին Աղասի Մաթևոսյանն ու ևս 3 անձ երկու ամսով կալանավորվեցին։
Ամիսներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ՝ Երվանդ Խանամիրյանն էր աղմկահարույց պատմության կենտրոնում հայտնվել, երբ Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում ապօրինի շինարարութուն էր սկսել։ Առանց շինթույլտվության կառուցված շենքը հենց քաղաքապետարանն էլ ապամոնտաժեց։ Ի դեպ, Խանամիրյանին էլ այսօր տնային կալանքի ենթարկեցին, սակայն, ոչ թե ապօրինի կառուցապատման, այլ քաղաքացուն ծեծի ենթարկելու պատճառով:
Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է՝ համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը։ Մասիս Զեյնալյանի պնդմամբ, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը, սակայն նրանք որևէ կերպ չեն փորձել միջամտել։ Երեկվա հավաքն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել է պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի մորեղբայրն է։
Երկու տարի առաջ տեղեկություն տարածվեց, որ կենտրոնի փոխթաղապետ Արմեն Ազիզյանը թաղապետարանի շենքում ևս մեկ հոգու հետ վերջերս ծեծի էր ենթարկել հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանին, ինչի հետևանքով Մարգարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով։
Օրեր առաջ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։ Գ․ Նիկողոսյանի հայրը Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․ Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։ Քաղաքապետի որդին ձերբակալվել էր, այնուհետև՝ ազատ արձակվել: