Մոտ 100 ՀՀ քաղաքացիներ արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում։ Նրանց տվյալներն օգտագործվել են եվրոպական մի շարք երկրներում ընկերություններ գրանցելու և բանկային հաշվեհամարներ բացելու համար: Այդ ընկերութունները օգտագործվել են փողերի լվացման տարբեր մեխանիզմներում` հանցագործություններ կոծկելու և քաղաքական գործիչների համար քարոզչություն հովանավորելու նպատակներով:
45-ամյա Մուշեղ Ջաբախջուրյանն ապրում է Երևանի ծայրամաս համարվող թաղամասերից մեկում` Նորքի 1-ին նրբանցքի համեստ մի տանը: Մուշեղը «Արարատբանկի» ինկասացիայում է աշխատել, բայց հիմա ի վիճակի չէ որևէ գործ անելու: 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նա Մատաղիսում է եղել, վիրավորվել է որովայնից և ականջից։ Աղիների մի մասը որովայնից դուրս են հիմա, լսողությունն էլ խաթարվել է: Նրա բուժումն արտերկրում կազմակերպելու համար բավարար ֆինանսական միջոցներ չունեն: Մուշեղը, սակայն, եվրոպական ընկերության, մասնավորապես` Լեհաստանում 2017թ. գրանցված Equimach Sp Zoo-ի հիմնադիր է, ինչպես նաև՝ այդ ընկերության խորհրդի նախագահը: Պարզապես նա չգիտի, թե այդ ընկերությունն ինչ նպատակով է հիմնադրվել և ինչ գործարքներ է անում:
Մուշեղը մեկն է տասնյակ այն ՀՀ քաղաքացիներից, որոնց տվյալներն օգտագործվել են եվրոպական մի շարք երկրներում ընկերություններ գրանցելու և բանկային հաշվեհամարներ բացելու համար: Այդ անձինք տեղյակ են այնքանով, որ իրենց ծանոթ մարդկանց միջոցով հրավիրվել են եվրոպական տվյալ երկիրը, իջևանել լավագույն հյուրանոցներում, ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, մի քանի օր շրջել այդ երկրներում, լավ ժամանակ անցկացրել և վերադարձել տուն: Թե ինչի համար են հիմնադրվել այդ ընկերությունները և ինչ գործարքների մեջ ներքաշվել հետո՝ նրանց այլևս չի հուզել:
Եվրոպական իրենց ճամփորդությունների մասին պատմել կամ խոստովանել, թե ովքեր են իրենց հրավիրողները, և ինչ նպատակներով են այցելել տվյալ երկիր, այդ անձինք չեն ցանկանում:
Փողերի լվացման մասնակից ընկերությունները հիմնականում միմյանց բաժնետեր են, և գրեթե բոլորն ունեն նույնանման կայքեր, որոնք ստեղծվել են նույն երկու անձանց` Օրեսթ Բեքմենի (Orest Backman) և Անդրեյ Վաստորի (Andery Vastor) կողմից:
Forensic News-ի և «Հետքի» լրագրողները զրուցել են հիմնադիրների և տնօրենների մեծ մասի հետ, վերլուծել ֆինանսական փաստաթղթերը, դատական գործերը և բանկային փոխանցումները` հասկանալու համար, թե ինչպես է աշխատել այդ սխեման:
Ընկերություններից շատերը գրանցված են Կենտրոնական Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում: Դրանք օգտագործվել են փողերի լվացման տարբեր մեխանիզմներում` հանցագործությունները կոծկելու և քաղաքական գործիչների համար քարոզչություն հովանավորելու նպատակներով: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։