Ֆրանսիայի հավաքականի և իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի հարձակվող Օլիվյե Ժիրուն ցանկություն է հայտնել աջակցելու ողջ աշխարհի հալածվող քրիստոնյաներին և Հայաստանի, ավելի կոնկրետ՝ Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք արդեն 6 ամիս շրջափակման մեջ են, գրում է Nouvelles d'Arménie պարբերականը:
Երեկ երեկոյան Փարիզում կայացած 2023 թվականի «Առաքելության գիշեր» աճուրդի ժամանակ Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի մարզաշապիկը։ Դա քառորդ եզրափակչում Անգլիայի դեմ Ֆրանսիայի հաղթանակի մարզաշապիկն էր, որով Ժիրուն գոլ էր խփել խաղի 78-րդ րոպեին։
Վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի «Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար» կազմակերպություններին, որոնք այն կփոխանցեն Արցախին։
Միջոցառմանը ներկա «Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչներ Անն-Ֆլորենս Ռոշը և հովիվ Ռենե Լեոնյանը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և նվիրատուներին Հայաստանին և Արցախին աջակցելու համար։
«Շատ շնորհակալություն Օլիվյե Ժիրուին իր հավատի և իր մարդասիրության համար»,-ասել են ներկայացուցիչները: