Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց՝ Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է։

«Ամենատարբեր հարթակներում պարբերաբար հնչում են հայտարարություններ, տրվում են մեկնաբանություններ, որոնց համաձայն մենք ունեք բազմաթիվ կամ ամենատարբեր բացթողումներ՝ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։

Եվ հիմա մենք, հարգելի հայրենակիցներ, ձեզ հետ միասին, ուզում եմ, որ հայտարարենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունքը վաստակել և այն իրացրել է։

Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է։

Եվ թող որևէ մեկը թույլ չտա իրեն՝ սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը»,- հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։