Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններն «անկեղծ» է համարել։ Միշելը, հանդես գալով եռակողմ հանդիպման արդյունքներ ամփոփող հայտարարությամբ, նշել է, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշումների կայացման ամենադժվար փուլերն են։

«Կոչ եմ անում երկու երկրների ղեկավարներին՝ շարունակել քայլեր ձեռնարկել կարգավորման ճանապարհին առաջընթաց գրանցելու նպատակով»,- ասել է նա։

Շառլ Միշելը հայտարարել է նաև՝ քննարկված հարցերի առաջին կետով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ վերահաստատել են փոխադարձաբար երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը։

Երկրորդ կետով երկու կողմերն էլ համաձայնել են, որ սահմանազատումը պետք է իրականացնել 1991 թվականին ընդունված Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել սահմանագծման և սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների աշխատանքները։

Երրորդ կետով անդրադարձել են հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին։

«Պայմանավորվածությունների չորրորդ կետը տարածաշրջանում առկա հումանիտար խնդիրների, մասնավորաբար' Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին է։ Ես շեշտել եմ Լաչինի ճանապարհը բացելու կարևորությունը, նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը' հումանիտար աջակցություն տրամադրել Աղդամի կողմից։ Երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում՝ ապահովելու մարդկանց կարիքները»,- ասել է Շառլ Միշելը։

Նրա խոսքով՝ հինգերորդ կետը վերաբերում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովմանը։

«Եվրամիությունը կարևոր է համարում Բաքվի և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատումը»,– ասել է Շառլ Միշելը։