«Միշտ եմ մասնակցել նման հավաքների, բայց վերջնաարդյունքը չեմ տեսել, հուսով եմ, որ այս անգամ բողոքի ցույցը կբերի կարևոր հանգուցալուծման»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ասկերանի բնակիչ Լանա Համբարձումյանը' անդրադառնալով Արցախում տեղի ունեցող շարժանը։ Լանան Ուխտասար գյուղից է տեղահանվել, որը այս պահին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։
«Արցախում, ո՛չ իշխանությանը, ո՛չ որևէ քաղաքական այլ ուժի չեմ հարում, բայց այս պահին Արցախը գտնվում է այնպիսի օրհասական վիճակում, որ բոլորիս միասնականությունը միայն կբերի խնդրի ճիշտ լուծմանը։ Նստացույցին արձագանքում եմ դրական, քանի որ նախագահը պետք է լինի ժողովրդի կողքին, որովհետև ժողովուրդն է նրան ընտրել, եթե ժողովուրդը ընտրել է նախագահին, ապա նա պարտավոր է իրենց հետ կիսել իրենց խնդիրները։ Այս պահին մենք գտնվում ենք կոպիտ ասած՝ ցեխի մեջ և այդ ցեխից դուրս կգանք միասնականության շնորհիվ»,-ասաց Համբարձումյանը։
Մեր զրուցակցի խոսքով' այս պահին ՀՀ-ից սպասել ինչ որ դրական տեղաշարժի՝ այդքան էլ իրատեսական չէ.
«Արցախում տեղի ունեցող հրաձգությունների, դիրքերում զոհվող տղաների մասին աշխարհը այդքան էլ տեղյակ չէ և այդ հարցում ռուս խաղաղապահներից շատ բան է կախված, այսինքն, նրանք պարտավոր են Արցախում տեղի ունեցող իրավիճակի մասին տեղյալ պահել ամբողջ աշխարհին, եթե մեր ձայնը լսելի չէ՝ նրանք են այստեղ և նրանք կարող են գոնե ճշմարտությունը հասանելի դարձնել բոլորի համար, որ չստացվի՝ Արցախը հարձակվողի դերում է, իսկ Ադրբեջանը պաշտպանվողի, կարծում եմ՝ դա շատ մեծ նշանակություն ունի այս պահին Արցախի համար»,-եզրափակեց նա։
Լիլիթ Զալիբեկյան