Մի իրավիճակում, երբ ազգովի կանգնած ենք Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առջև, Նիկոլ Փաշինյանի արտախորհրդարանական գործընկերներից «Լուսավոր Հայաստան»–ի անդամ Անի Սամսոնյանը, ով մշտապես իրենց ներկայացնում է թունդ ընդդիմադիրի ամպլուայում, ֆեյսբուքյան մի գրառում է արել՝ ծաղրելով այն մարդկանց, ովքեր անգամ ստեղծված իրավիճակում նախընտրում են պայքարը։

 
 

 

Հետաքրքիր է՝ իսկ ո՞րն է մեր գոյության իմաստը, ըստ Անի Սամսոնյանի կամ նրա քաղաքական թիմի ղեկավար Էդմոն Մարուքյանի: Գուցե՞ սեփական բոլոր սկզբունքներին դավաճանելը հանուն հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնի, որում, ի դեպ, Մարուքյանը սպասարկում և առաջ է մղում ոչ այնքան Հայաստանի և Արցախի, որքան իրեն այդ պաշտոնը շնորհած Նիկոլ Փաշինյանի շահերը: Մարուքյանի թիմակցի ցինիզմը այն աստիճան է ազդել վերջինիս հիշողության վրա, որ Սամսոնյանին թերևս հենց իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը հիշեցնելու անհրաժեշտություն է ի հայտ եկել: Դիցուք՝  2021 թվականին, արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան»–ը մասնակցել էր մի ծրագրով, որտեղ Արցախի վերաբերյալ գրված է. «Պետք է իրականացնել Արցախի Հանրապետության և նրա բնակչության անվտանգության երաշխավորմանն ուղղված հայեցակարգի հստակեցում և գործողությունների իրականացում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված հստակ մարտավարություն։ Արցախյան հիմնահարցի լուծումը մեկն է՝ 1990թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի կենսագործումը, այն է՝ Արցախն՝ ինքնորոշման հիման վրա ՄԻԱՆՈՒՄ է Մայր Հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը»։

 

Բաղձալի պաշտոնը ստանալուց հետո Մարուքյանի մոտ հիշողության հետ կապված խնդիր էր ի հայտ եկել և նա սկսել էր հայտարարել, որ  Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում պահանջելը կնշանակի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ: Իսկ երբ նրա գործատու Նիկոլ Փաշինյանը Արցախը հասցրել է մի իրավիճակի, երբ արցախցին ստիպված լքում է իր հայրենիքը էթնիկ զտման չենթարկվելու համար՝ Մարուքյանի կարկառուն թիմակիցը ծաղրում է բոլոր նրանց, ովքեր հայրենիք կորցնելու գաղափարի հետ չեն համակերպվում: Մինչդեռ իրական  ծաղրի արժանի են անսկզբունքային քաղաքական առաջնորդները, ովքեր հանուն պաշտոնի մի կողմ են դնում անգամ իրենց իսկ նախընտրական խոստումները և թեզերը: