Ամեն անգամ տեսնում ենք, թե ինչ կարգի իրավական «բեսպրեդելներ» է լինում, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ պատրաստ են եւ ունակ են ավելիին: Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը:
«Այս առումով, իհարկե, միայն ես չեմ: Դուք գիտեք, թե ինչքան ուրիշ մարդիկ կան, որ էլի շինծու, հիմար մեղադրանքներով գտնվում են բանտում: Ես իրենցից մեկն եմ և հույս ունեմ, որ բոլորն էլ շուտով կլինեն ազատության մեջ»,-ասաց նա:
Հարցին՝ մանդատը վերցրեց, որ կալանքից ազա՞տ արձակվի, Քոչարյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ պատրաստվում խոսել մանդատից: Ինձ համար այս ամեն ինչն անակնկալ էր, հիմա կարևորը, որ դրսում եմ, մնացածի մասին երևի հետո առիթ կլինի խոսելու»:
Խոսելով իրեն անձեռնմխելիությունից զրկելու հնարավորության մասին՝ նա ասաց. «Ես սպասում եմ, որ այս իշխանություններն ամեն ինչի էլ ընդունակ են, որովհետեւ այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, ուղղակի զավեշտ էր»:
Նա նշեց, որ սովորական կալանավորի կարգավիճակում է եղել. «Պահման պայմանները սովորական են եղել, ինչպես բոլորինն է: Ամեն դեպքում, ընկճվելու հարց չկար»,– ասաց Քոչարյանը: