Լոռվա նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, գործընկերնե՛ր,

ինչպես արդեն գիտեք, իմ դիմումի համաձայն և հունվարի 4-ի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ազատվել եմ Լոռու մարզպետի պաշտոնից:

Սիրելի՛ հայրենակիցներ, նախ և առաջ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը Լոռու մարզպետի՝ անչափ պարտավորեցնող ու պատասխանատու պաշտոնը երեք տարի ինձ վստահելու համար:

Բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, որ Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնելն ինձ համար մեծ պատիվ է եղել, բարձր պատասխանատվություն և իմ մարզի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հնարավորություն: Պաշտոնը ստանձնել եմ բավականին բարդ իրավիճակում և մարզպետարանի աշխատակազմի, համայնքների ղեկավարների, մարզային մյուս ինստիտուտների հետ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ, ջանք չենք խնայել մարզում բազմաթիվ խնդիրներ լուծելու, մի շարք կարևորագույն ծրագրեր կյանքի կոչելու և մարզը զարգացման ուղով տանելու համար: Ինձ համար կարևոր սկզբունք է եղել համախմբվածությունը, միասնական լինելը, մարզում առողջ մթնոլորտի ձևավորումը՝ ի շահ մեր մարզի ու երկրի բարօրության, մարզի բնակիչների բարեկեցության:

Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ աշխատանքում եղել եմ հաշվետվողական և ինձ համար չափազանց կարևոր է եղել յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ նախ՝ շնորհակալություն հայտնել Լոռու մարզպետի աշխատակազմին այս տարիների ընթացքում ակտիվ և տքնաջան աշխատանքի, գործակցության և աջակցության համար: Երախտագիտությունս եմ հայտնում նաև ուժային կառույցների, համայնքների ղեկավարներին, աշխատակազմերին, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր այն կառույցներին, որոնց հետ առիթ ու պատիվ եմ ունեցել համագործակցելու հանուն Լոռու մարզի զարգացման:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. այսուհետ ևս ու ընդմիշտ շարունակելու եմ ծառայել իմ Հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը, միշտ լինելու եմ սիրելի լոռեցիների, իմ հայրենակիցների կողքին:

Ձեր՝ Արամ Խաչատրյան»: