«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2002 թ. հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ: Նպատակը բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համալիրությունն է ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ծախսարդյունավետության բարձրացումը: Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, որը բժշկական օգնության և սպասարկման համար հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձանց թույլ կտա իրականացնել լիցենզիայով նախատեսված տեսակներով գործունեությունը նաև արտահիվանդանոցային պայմաններում, բացառությամբ տնային կանչերի:

Նշված կարգավորումով զգալիորեն կլուծվեն բուժօգնության տրամադրման համալիրության խնդիրները՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին զերծ պահելով նույն տեսակով միաժամանակ հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում (բացառությամբ տնային կանչերի) գործունեության իրականացման համար լրացուցիչ պայման-պահանջներ ապահովելուց, տարածքային, ֆինանսական և անձնակազմի ռեսուրսներ վատնելուց: Նշվում է, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմանները, դրանք են՝ բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար և հիվանդանոցային: Նշված պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ամենալայն և ընդգրկուն պայմանը հիվանդանոցային պայմանն է, որի շրջանակում իրականացվում են շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում:

Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալուն սովորաբար նախորդում է արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալը: Բժշկական օգնության արդյունավետությունը, ըստ նախարարության, կախված է նաև բժշկական օգնության համալիր տրամադրումից և նպատակահարմար է, որ հիվանդանոցային պայմաններում պլանային բուժօգնություն ստանալուն նախորդող և առհասարակ հիվանդանոցային բուժմանը հաջորդող պացիենտների հետհիվանդանոցային բուժումը տրամադրվի համալիր ձևով, այդ թվում՝ նույն բուժաշխատողների կողմից: