Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պատասխանել է լրագրողների՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հարցերին․
«ՀՀ Սահմանադրությունը կփոխենք, թե՞ ոչ, դա մեր երկրի ներքին գործն է, ժողովուրդը կորոշի․ կուզի՝ կփոխի, չի ուզի՝ չի փոխի, դա բացարձակապես ՀՀ Սահմանադրությունը փոխելու կամ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու իրավունք ունեցող սուբյեկտների որոշելիքն է, սա որևէ կերպ չի կարող կապ ունենալ որևէ երկրի պահանջների հետ, դա անթույլատրելի է»,- հարցի շուրջ նման կերպ է արտահայտվել պատգամավորը։
Պապոյանի պնդմամբ՝ եթե ժողովրդի մեծամասնությունը որոշի, որ Սահմանադրությունը այսպիսի տեսք պիտի ունենա, մնացածը, ովքեր այդ պահին կլինեն փոքրամասնություն, պետք է հարգեն նման որոշումը․
«Այստեղ շատ կարևոր է, որ 2018-ից ՀՀ-ում ընտրություններ չեն կեղծվել և չե՛ն կեղծվելու, անձամբ պայքարելու եմ, որ մեկ քվե անգամ չկեղծվի, ժողովրդի սրտով Սահմանադրություն պետք է ընտրվի, եթե բովանդակությունը ժողովրդի սրտովա՝ ուրեմն դա ճիշտա»,- եզրափակելով թեմայի վերաբերյալ իր խոսքը նման համոզմունք արտահայտեց նա։