«Փաստ» օրաթերթը գրում է.
Անդրադառնալով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկին՝ նախորդիվ ներկայացրել ենք հիմնական առաջատարներին՝ թե՛ ընդհանրապես տնտեսության մեջ, թե՛ ըստ ոլորտների:
Սակայն կան բիզնեսներ, որոնք, այսպես ասած, «ցրված» են, այսինքն՝ մեկ հոլդինգի մեջ կան տարբեր ոլորտներով զբաղվող կազմակերպություններ, որոնք հարկատուների ցանկում տարաբևեռ հորիզոնականներ են զբաղեցնում, իսկ երբ տվյալ ընկերությունների կամ խմբի վճարած հարկերը դիտարկենք գումարային առումով, բավականին տպավորիչ թվեր են ստացվում:
Օրինակ՝ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2023 թվականին վճարել է 17,3 միլիարդ դրամ: Այսինքն, մեկ միավորով հանդես գալու դեպքում ընկերությունների խումբը 1000 խոշոր հարկատուների ցանկում կլիներ 13-րդ հորիզոնականում:
Իրականում, նրանց հիմնադրած բիզնեսները տարբեր ուղղություններ ունեն՝ խաղային բիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հեռուստատեսություն, բանկային և վճարային համակարգեր, գյուղատնտեսություն, հանրային սնունդ և նույնիսկ շինարարություն: Ավելին, պարզվում է, այդ բիզնեսներից հինգը 2023 թ. արդյունքներով ներկայացված են ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Երկրում գործող խոշորագույն՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՏՏ ընկերությունն զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը՝ վճարած ավելի քան 12 միլիարդ ՀՀ դրամով, «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն՝ 93-րդ տեղում է, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն՝ 648-րդ, «Բադալ յան եղբայրներ» ՍՊԸ-ն՝ 873-րդ, իսկ «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն՝ 958-րդ տեղում:
Ի դեպ, բանկային ոլորտին անդրադառնալիս օրեր առաջ ուշադրություն էինք հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Ֆասթը» որպես բանկ է գրանցվել ընդամենը մոտ մեկ տարի առաջ, բայց այդ կարճ ժամանակամիջոցում հայտնվել է խոշոր հարկատուների լավագույն հարյուրյակում:
Առաջիկայում կանդրադառնանք նման այլ կազմակերպությունների ևս: