Արցախի հարցը հորով-մորով անելուց հետո այժմ էլ խոսվում է Տավուշի եւ Արարատի մարզերից Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին: Փաշինյանի վերջին այցը Տավուշ և նրա «առաջարկները» տավուշցիների շրջանում շոկ են առաջացրել նույնիսկ իր հավատարիմ թիմակիցների մոտ: Այն թեզերը, թե իբր նա անկեղծորեն ուզում է կարգավորել խնդիրներն Ադրբեջանի հետ, որպեսզի հաստատվի տևական խաղաղություն, արդեն համոզիչ չեն նույնիսկ իր թիմակիցների համար: Բանն այն է, որ Ադրբեջանն այդ գյուղերի հանձնման դիմաց հիմք չի ընդունում որևէ քարտեզ Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման համար: Այսինքն՝ այդ գյուղերը հանձնելով՝ Հայաստանը ստանալու է ոչ թե խաղաղություն, այլ է՛լ ավելի մեծ անվտանգության խնդիրներ, որի արդյունքում Բաքվի դիրքորոշումներն է՛լ ավելի են կոշտանալու: Դրա վառ ապացույցն այն է, որ Սյունիքում նա հրաժարվում է իր զորքերը դուրս բերել Հայաստանի ճանաչված սահմաններից:
Այժմ դիտարկենք այն ռիսկերը, որոնց առջև կանգնելու է Հայաստանը, եթե Փաշինյանը գնա հերթական միակողմանի զիջմանը՝ Բաքվին նվիրելով Տավուշի մարզի 4 գյուզերը:
Դիցուք՝ Ոսկեպարով են անցնում Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստան միջպետական մայրուղու 2-3 հատվածներ, որոնք, այդ տարածքը հանձնելու դեպքում, անցնելու են Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Գորիս-Կապան հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող մեր միջպետական ճանապարհի հատվածներ տվեցինք Ադրբեջանի վերահսկողությանը, այստեղ էլ տալու ենք ՀՀ-Վրաստան-ՌԴ ճանապարհը: Այս ճանապարհի նկատմամբ վերահսկողության կորուստը սպառնում է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ գծով Վրաստանից Հայաստան գազատարի ֆիզիկական գոյությանը։ Խողովակը կլինի ադրբեջանական հրթիռային համակարգերի անմիջական հասանելիության սահմաններում: Ինչպես Շուշիում էին փական դրել, իրենց ուզած ժամին փակում ու բացում էին, այնպես էլ կարող են անել հիմա՝ ցանկացած պահի Հայաստանին զրկել գազի մատակարարումից։ Այդ տարածքների կորուստը հսկայական ռիսկեր է պարունակում և նվազեցնում է հայկական պետության համար կանխատեսելիության հորիզոնը՝ լոգիստիկ քաղաքականության կառուցման, տրանսպորտային հանգույցների կառուցման գործում, ինչպես նաև կարող է հանգեցնել էներգետիկ շրջափակման։
Բացի այդ, եթե հետագայում եւս լինեն այսպես կոչված՝ անկլավների հանձնումներ, ապա ադրբեջանական զորքերը կարող են հասնել Լոռու մարզի վարչական սահմանին, որը կվերածվի սահմանամերձ շրջանի։
Եվս մեկ պոտենցիալ ռիսկ. առաջին հերթին հայկական զինուժը հետ կքաշվի այդ 4 գյուղերի տարածքից, խոսքը երրորդ բանակային կորպուսի մասին է, որը մշտապես համարվել է ամենամարտունակը ոչ միայն այն պատճառով, որ լավ հրամկազմ է ունեցել, այլեւ այն պատճառով, որ մասնագետները փաստում են՝ երրորդ կորպուսը հակառակորդի նկատմամբ դիրքային բարենպաստ պայմաններում է գտնվում։ Իսկ գյուղերը հանձնելուց հետո ադրբեջանցիներին են զիջելու այդ դիրքերը, եւ մենք հայտնվելու ենք ոչ բարենպաստ վիճակում։
4 գյուղերը հանձնելու դեպքում մի շարք գյուղեր ինքնըստինքյան հայտնվում են թշնամու անմիջական վերահսկողության տակ, օրինակ՝ Կիրանցը, Բերդավանը և այլ գյուղեր ընկնում են թշնամու դիտարկման ներքո։ Սա նշանակում է, որ մարդիկ վաղ թե ուշ լքելու են այդ գյուղերը։ Հեկտարներով մշակովի հողատարածքներ, արոտավայրեր նույնպես անցնելու են թշնամու հսկողության տակ։ Այդ գյուղերը հանձնվելուց հետո հարակից գյուղերը ևս դատարկվելու են: Ադրբեջանցիներն այնտեղ քաղաքացիական բնակիչների չեն բերելու: Նրանք այդ գյուղերը վերածելու են կոնկրետ ռազմաբազաների: Այսինքն՝ Հայաստանի մարմնի մեջ մտնելու է թուրքական ռազմաբազա։ Ու Ադրբեջանը հսկելու և ղեկավարելու է ամբողջ տարածաշրջանը:
Այստեղ, սակայն, կա ևս մեկ ուշագրավ նրբություն: Հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանն այսպես կոչված՝ սահմանազատման գործընթացն սկսել հենց Տավուշի մարզից: Գաղտնիք չէ, որ Ոսկեպարում է գտնվում ռուս սահմանապահների ուղեկալը և ինչպես երևում է՝ Փաշինյանը փորձում է այս դեպքում էլ կրկնել Արցախում իրագործված սցենարը, երբ Արցախը հանձնելու թիվ մեկ պատասխանատու և մեղավորներ կարգվեցին ռուսները:
Ակնհայտ է, որ Հայաստանի սուվերեն տարածքից անգամ մեկ միլիմետրի զիջումը չի հագեցնելու Բաքվի բռնապետի ախորժակը, հակառակը՝ հաջորդիվ գալու է Վայոց Ձորի, Գեղարքունիքի և իհարկե՝ Սյունիքի հերթը...