Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում, որպեսզի փողոց դուրս գան նաև պետական ծառայողները' վերջիններիս խոստանալով, որ հեղափոխության հաղթանակի դեպքում վերջիններս այլևս անխոչընդոտ հնարավորություն են ստանալու արտահայտել իրենց քաղաքական հայացքները, նրանց աշխատավարձերը կտրուկ բարձրանալու են, աշխատանքի որակն ու պայմաններն էլ՝ բարելավվելու:
Իրականում, հեղափոխությունից հետո իշխանության եկածները տոտալ պատերազմ հայտարարեցին պետական կառավարման համակարգում առկա այլախոհ կադրերի դեմ: Այսպես, քաղաքացի Աննա Մանուկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի հրամանով, ազատվել է աշխատանքից «Դիմադրության» շարժման ցույցերին (աշխատանքային ժամերից հետո) մասնակցելու պատճառով։ Վանաձորի համայնքապետարանի 20 տարվա աշխատակից Արթուր Ղազարյանը գործազուրկ է դարձրել՝ սեփական կամքին հակառակ։ Վերադասը նրան ու քաղաքաետարանի ևս մեկ աշխատակցի ազատել է գործից՝ սոցիալական ցանցերում քաղաքական դիրքորոշում արտահայտելու, գործի ժամերին ցույցերի մասնակցելու համար։ Դա համարել են «Համայնքային ծառայության մասին» օրենքի խախտում։ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից ազատվել են իրենց քաղաքական հայացքների համար:
Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրինությունն աշխատանքից ազատել է Բոստոնում եւ Սան Պաուլոյում որակավորում ստացած դաշնակահար, նույն դպրոցում 34 տարի դասավանդած Հրաչյա Մկրտչյանին: Դպրոցի տնօրեն Գեւորգ Մաղաքյանի հրամանում նշված է․ «Հիմք ընդունելով «Թիվ 1 երաժշտական դպրոց ՀՈԱԿ»-ի լուծարման վերաբերյալ Վաղարշապատ համայնքի ավագանու որոշումը, ինչպես նաեւ … մանկավարժ Հրաչյա Մկրտչյանին հանձնված կրճատման վերաբերյալ ծանուցագիրը»: Մկրտչյանը, սակայն, իր ազատումը կապում է ոչ թե երաժշտական դպրոցի լուծարման, այլ իր քաղաքական հայացքների եւ ըմբոստ լինելու հետ:
Արցախի հերոս, լեգենդար Հայդուկապետ Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել, քանի որ հայրը մասնակցում է քաղաքական գործընթացներին:
Եվ սա ընդամենը մի քանի օրինակ է, շարքը կարելի է անվերջ շարունակել: Անշուշտ, պետական կառավարման համակարգում աշխատող քաղաքացիների աշխատավարձերը կտրուկ բարձրացվեցին, սակայն դա վերաբերվում է միայն ուժային սեկտորին, իսկ մյուս ոլորտները ինչպես կոպեկներով գոյատևում էին, այնպես էլ շարունակում են գոյատևել....