Եթե Նիկոլ Փաշինյանը հասարակությանը բաժանեց «սևերի» և «սպիտակների», «հեղափոխության» բարեկամների ու թշնամիների, ապա, ըստ վերլուծաբանական հանրության գնահատականների, իշխանափոխությունից 6 տարի անց իրական ջրբաժանն անցնում է ոչ թե իշխանության և ընդդիմության միջև, այլ ազգային օրակարգ ունեցող քաղաքական ուժերի և նրանց, ովքեր մեր երկրում ներկայացնում են այլ պետությունների շահերը: Այդ ուժերը սովորաբար անհատներն են, ՀԿ-ները, պաշտոնյաները, ովքեր տեղ են գրավել քաղաքական էլիտայի ամենաբարձր էշելոնում:
Այսօր կանդրադառնանք Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանին: Վերջինս աչքի է ընկել Արցախի հայկական պատկանելիությունը կասկածի տակ դնող հայտարարություններով: Օրինակ, մի առիթով նա նշել է․ «Այն մարդիկ, որ ապրում են կամ որոշում են ապրել կամ կարծում են, որ իրենց ապրած տարածքը իրենցն է, բայց դա շատ կարող է փոփոխական լինի։ Կարող է ես վաղը որոշեմ գնալ ապրեմ Ղարաբաղում, դրա իմը լինելու պնդումը ես չեմ հասկանում։ Ինչո՞ւ պիտի մի բան քոնը լինի։ Դա էնտեղ է մնում։ Ես ժամանակավոր օգտվում եմ էդ բաներից եւ փորձում եմ մի լավ բան անել էնտեղ։ Հիմա քոնն է, քոնը չի, էս պնդումը ես կարծում եմ՝ հայրիշխանական ժամանակավրեպ պնդում է»։
Մեկ այլ օրինակ: Ահարոնյանը գրել է․ «Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում, քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից»: Չգիտենք, թե պատերազմի դաշտից դուրս որտեղ է նա առաջարկում փնտրել հերոսների, բայց դատելով Լարա Ահարոնյանի մտածողությունից ու գործունեությունից՝ դժվար չէ գուշակել նաև առաջարկած հերոսների գտնվելու վայրերը։
Գաղտնիք չէ, որ Ահարոնյանը հայտնի է ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանությամբ: Նրա խոսքով՝ հայ կնոջ մասին խոսելիս հասկանում ենք մայր, քույր, և վերջ, բայց կանայք նաև միայնակ մայրերն են, բանակում երեխա կորցրած մայրերն են։ «Մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»,- ասում է նա։ Պատահական չէ, որ Ահարոնյանի ղեկավարած ՀԿ-ն տարիներ շարունակ ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից և հայտնի է ԼԳԲՏ իրավունքների պաշտանության թեմաներով: «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն, որը զբաղվում է կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ, Սորոսի հիմնադրամից 2002-ից ի վեր ստացել է 2 մլն․ դոլարից ավելի գումար։
Չկենտրոնանալով Լարա Ահարոնյան անձի վրա՝ այնուամենայնիվ արժե մեջբերել նրա ղեկավարած կառույցի՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի տեսլականը․ «ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը և հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը»: Փաստորեն, ըստ այս կազմակերպության համոզման, Հայաստանում կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների միակ պատճառը չարաբաստիկ «հայրիշխանական հասարակարգն է», ու եթե այն ջախջախվի՝ կնոջ խնդիրները կվերանան։ Սա մի թեզ է, որի նպատակը ոչ թե բռնությունների կանխարգելումն է կամ կնոջ սահմանափակումների վերացումը, այլև ազգային արժեհամակարգի, ազգային մտածողության տրանսֆորմացիան։
Այս ՀԿ-ն նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լոբբիստներից մեկն է։
Ի դեպ, մամուլը նաև գրել էր, որ Ահարոնյանը ծրագրում է ազդել ՀՀ քաղաքական ղեկավարության վրա՝ Հայաստանում ԼԳԲՏ շքերթ անցկացնելու նպատակով: