«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հանրության հետ կենդանի շփումների եւ տարբեր սոցհարցումների արդյունքները հիասթափեցրել են հայրենի իշխանություններին:

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը թե’ անձամբ է գնում մարզեր, գյուղեգյուղ շրջում, տեղացիների հետ շփվում, թե՛ իր թիմակիցներին է ուղարկում այնտեղ:

Փաշինյանի եւ ՔՊ-ականների այս այցերը մեկ հստակ նպատակ ունեն՝ շոշափել հանրային տրամադրությունները եւ հասկանալ՝ ինչ վարկանիշ իրենք ունեն:

Ահա այս այցերը, մարդկանց հետ կենդանի շփումները, մեղմ ասած, խորը հիասթափեցրել են իշխանություններին, քանի որ հստակ ցույց են տվել, որ իրենց վարկանիշը շատ կտրուկ անկում է ունեցել:

Սրա մասին նաեւ Փաշինյանին պարբերաբար մարզեր «գործուղված» իր թիմակիցներն են զեկուցել: Այսինքն՝ ՔՊ-ականների այցերը տարբեր մարզեր արդյունք չեն տվել ու չեն արդարացրել հույսերը: Դե իսկ մայրաքաղաք Երեւանում իրավիճակն ավելի հուսադրող չէ իշխանության համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այս է եղել նաեւ պատճառը, որ վերջին շրջանում իշխանությունները նաեւ հետ են կանգնել արտահերթ ընտրությունների մտքից, քանի որ այս անգամ վարչական ռեսուրսն էլ անգամ կարող է չօգնել իրենց»: