Այն, որ 2024 թ. հունվարի 1–ից սովորական (ոչ կենսաչափական) ՀՀ անձնագրերը տրամադրվելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման, ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացրել է ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմիններին։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան կրկին հիշեցրել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, և ՀՀ ՆԳ նախարարին' փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ են ՌԴ միգրացիոն ծառայության մի շարք տեղամասային ծառայությունների աշխատակիցներ հրաժարվում հաշվառել ՀՀ–ից արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին' պատճառաբանելով, որ նրանց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության կլոր կնիքը կամ բացակայում է, կամ ժամկետը լրացել է:
Արդյոք մեր գերատեսչություններից փորձե՞լ են հասկանալ' ո՞րն է խնդիրը և ինչո՞ւ իրենց կողմից արված պաշտոնական իրազեկումը չի ընդունվել ի գիտություն։
Բոլոր այս հարցերին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պատասխանել են, որ «2023 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարված փոփոխությունների մասին պաշտոնապես իրազեկվել են հավատարմագրման երկրների արտաքին գերատեսչությունները»։ Ի դեպ, ՀՀ ՆԳ նախարարին ուղղված հարցումը վերահասցեավորվել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։
«Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջը հանվել է նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) Timatic համակարգից։ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է քաղաքացիներին իրազեկող հաղորդագրություն, որը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցների կողմից։ Համապատասխան տեղեկատվություն է տեղադրվել նաև ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում»,– ավելացրել են ծառայությունից։