Ապրիլի 3-ին Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե «երրորդ կողմերի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել»։ Հայտարարությունում ֆրանսիական կողմին կոչ է արվում «զերծ մնալ խաղաղության ջանքերին խոչընդոտող քայլերից»։

Մեկնաբանելով դա՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, թե Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարի այս հայտարարությունը խոսում է «առաջին հերթին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի հարգման մասին»։

«Սա նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է զերծ մնալ երկրների ներքին գործերին միջամտելուց և անպատասխանատու մոտեցում ցուցաբերելուց այնպիսի զգայուն խնդրի նկատմամբ, ինչպիսին է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության գործընթացը։ Իտալական կողմի մոտեցումը տարածաշրջանային խնդրին թե՛ հակամարտության, թե՛ հետկոնֆլիկտային շրջանում միշտ հավասարակշռված է եղել։ Իտալիան միշտ խուսափել է միջազգային իրավունքի խախտումներն անտեսելու քաղաքականությունից, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան անհիմն և անարդյունավետ են Ֆրանսիայի նման երկրների ապակառուցողական քաղաքականությունը։ Կարծում ենք, որ Իտալիայի վարած քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի որոշ եվրոպական երկրների, հատկապես Ֆրանսիայի համար»– ասված է հաղորդագրության մեջ։