«Հրապարակի» տեղեկություններով, քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանում։ Ըստ մեր աղբյուրների, միջադեպի մասնակիցները Նորատուսի բնակիչներ են և Սևանի ավագանու անդամ։

Կրակոցների հետևանքով երեք ծանր վիրավոր կա, որոնցից մեկը Սևանի ավագանու անդամն է։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում է։ Մեզ ասացին, որ վիրավորներին տեղափոխել են Սևանի ԲԿ, նրանց վիրահատում են։

Տեղեկացանք, որ կրակոցները հնչել են Բոհեմիան Ռեսորթ հյուրանոցային համալիրում։ «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը նստած է եղել նախկին ճանապարհային ոստիկան Աղասի Ալոյանի հետ, երբ նրանց է մոտեցել Արա և Ալիկ Բանդուրյանների տղաներից մեկը, սկսվել է վիճաբանություն, որին հաջորդել են կրակոցները։

Այս պահին բժիշկները պայքարում են Արսեն Աֆիյանի կյանքի համար, իսկ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ այս պահին հիշյալ հյուրանոցում իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարող իշխանությունների օրոք ավագանու անդամի մասնակցությամբ հրաձգություն է լինում, իսկ իրավապահները դեռ որևէ մեկին չեն ձերբակալել։