Ռուսական բանակի առաջնահերթ նպատակը Դոնբասի «ազատագրումն» է, այլ ոչ թե Ուկրաինայի Զինված ուժերի կողմից գրավված Կուրսկի շրջանի տարածքները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է The Moscow Times-ը։
Նրա խոսքով, ներխուժելով Կուրսկի շրջան՝ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ստիպել ռուսական կողմին «նյարդայնանալ, աղմուկ բարձրացնել, զորքեր տեղափոխել մի տարածքից մյուսը և դադարեցնել հարձակումը առանցքային ուղղություններով, առաջին հերթին՝ Դոնբասում»։
Այնուամենայնիվ, վերապատրաստված ստորաբաժանումներ տեղափոխելով Կուրսկի շրջան, «թշնամին թուլացել է», և ռուսական բանակը արագացրել է հարձակողական գործողությունները: «Նման տարածքային ձեռքբերումներ վաղուց չեն եղել»,- ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ դրանք «հաշվարկված են քառակուսի կիլոմետրերով»։ Ավելին, Պուտինը խոստովանել է, որ կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստների պատճառով Դոնբասի ուկրաինական ճակատը կարող է փլուզվել։
Նա նաև նշել է, որ ռուսական բանակը ուկրաինական զինված ուժերի ներխուժումից մեկ ամիս անց «կայունացրել է իրավիճակը» Կուրսկի շրջանում և սկսել է «աստիճանաբար դուրս մղել» ուկրաինական զորքերին։ «Զինված ուժերի սուրբ պարտքն է անել ամեն ինչ՝ թշնամուն այս տարածքներից դուրս շպրտելու և մեր քաղաքացիներին հուսալիորեն պաշտպանելու համար»,- հավելել է Պուտինը։