Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը Ֆրանսիայում։
Վլադիմիր Պուտինը ֆրանսիական իշխանությունների գործողություններն անվանել է «ոչ այնքան պարզ, որովհետև դրանք ընտրողական բնույթ են կրում»։ «Ես գիտեմ, որ այլ երկրներ ունեին նման բողոքներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարթակն օգտագործվում է որոշակի ձևով որոշ մարդկանց և որոշ կառույցների կողմից, որոնք կարող են վնաս պատճառել, բայց այս կարգի բոլոր հարթակները մեղավոր են դրանում»,-ասել է Պուտինը։ Նա նշել է, որ ՌԴ իշխանությունները Պավել Դուրովից պահանջներ չունեն։
Բացի այդ, Պուտինը հերքել է տեղեկությունը, թե ինքը Բաքվում հանդիպել է Դուրովի հետ։ Նրա խոսքով՝ իրենք իսկապես հանդիպել են անձամբ, բայց միայն մեկ անգամ, այն էլ՝ շատ տարիներ առաջ՝ Մոսկվայում։ Նշենք, որ 2018 թվականին ՌԴ իշխանություններն արգելքի տակ էին դրել հարթակը այն պատճառով, որ Դուրովը հրաժարվել էր ԱԴԾ-ին տրամադրել օգտատերերի նամակագրության վերծանման բանալիները։ Բայց արդեն 2020 թվականին հարթակը սկսեց օգտագործվել պաշտոնական իշխանությունների կողմից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Փարիզի օդանավակայանում ձերբակալվել էր 39-ամյա Պավել Դուրովը։ Ձերբակալությունից 4 օր անց նրան մեղադրանք է առաջադրվել 12 հանցագործության մեջ, այդ թվում՝ մանկական պոռնո տարածելուն օժանդակելու և խարդախությանն աջակցելու համար։ Դա պայմանավորված է նրանով, որ Դուրովը հրաժարվել է համագործակցել ֆրանսիական հետախուզական ծառայությունների հետ և տեղեկություններ տրամադրել մեսենջերի օգտատերերի մասին։ Այս հանցագործությունների համար մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Այժմ նա ազատ է արձակվել 5 միլիոն եվրո գրավի դիմաց և Ֆրանսիայից չհեռանալու և շաբաթը երկու անգամ ոստիկանական բաժանմունք այցելելու պարտավորությամբ։
Forbes-ն այժմ Դուրովի կարողությունը գնահատում է 15,5 միլիարդ դոլար։ Նա զբաղեցնում է 122-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։
Բացի այդ, մեկ այլ հետաքննություն է ընթանում Դուրովի նկատմամբ. նրա երեք երեխաների ենթադրյալ մայրը՝ Իրինա Բոլգարը, մեղադրել է նրան իրենց կրտսեր որդու նկատմամբ բռնության մեջ։