44-օրյա պատերազմից, դրան հաջորդած աղետներից հետո 2021թ․ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ու նրա «ՔՊ»-ին իշխանություն վստահելը գրեթե նույնքան ամոթալի ու խայատառակ իրողություն էր, որքան պատերազմում կրած պարտությունը։ Խնդիրն անգամ այն չէ, թե նրանց ստացած 680.000 ձայնից որքանն էր իրական, որքանը՝ կեղծված։ Նորմալ հասարակությունում պատերազմից հետո այդ պատերազմում իշխանություն զբաղեցրածը չէր կարող ստանալ անգամ 6.800 ձայն։ Իրերն իրենց անուններով կոչելու փոխարեն՝ մինչև հիմա հասարակության այդ վարքագիծը բացատրվում է ամենատարբեր պատճառաբանություններով՝ մարդիկ խաբվեցին իշխանության քարոզչությանը, վախեցան նախկինների վերադարձից, ահաբեկվեցին պատերազմի կրկնությամբ, և այդպես շարունակ։
Բայց իրականությունն այն է, որ անկախ պատճառներից ու հիմնավորումներից, հայ հասարակությունը կա՛մ ընտրեց, կա՛մ հանդուրժեց, որպեսզի ընտրվի իշխանություն, որի վարած խայտառակ արտաքին և ներքին քաղաքականության պատճառով հնարավոր դարձավ պատերազմը, իսկ արդեն դրա ընթացքում ցուցաբերած կա՛մ ծայրահեղ ապաշնորհության, կա՛մ կանխամտածված դավաճանության արդյունքում զոհվեցին 5000-ից ավելի երիտասարդներ, և կորսվեց Արցախի մեծ մասը։
Նիկոլ Փաշինյանին կրկին իշխանություն վստահելն իրականում ոչ թե տիեզերական մակարդակի իմաստնության կամ քաղաքական հոտառության, այլ սովորական մեղսունակության բացակայության վկայություն էր, որի մասին, սակայն, գրեթե բոլորը գերադասում են չխոսել։ Բացառությամբ նույն Նիկոլ Փաշինյանի, ով մի քանի անգամ գրեթե հանդիմանական կերպով հայտարարել է, որ այն, ինչ անում է, անում է «ժողովրդի տված իշխանությամբ», այսինքն՝ իր պատասխանատվությունը բարդում է հասարակության վրա։
Իրականում Նիկոլ Փաշինյանը 2021-ին ոչ թե իշխանություն է ստացել, այլ ինդուլգենցիա, որն այս դեպքում ոչ թե մեղքերը քավելու վկայություն է, այլ նորանոր մեղքեր, հանցանքներ գործելու ու անպատիժ մնալու հավաստիք։ Դրա համար էլ արդեն երեք տարի Արցախի հարցն ըստ իրեն վերջնականապես լուծելուց հետո, շարունակում է Հայաստանի հետ անել այն, ինչ ցանկանում է, կամ ցանկանում են բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, ովքեր շահագրգիռ են իր իշխանությամբ։
Փաշինյանին իշխանության թողած հավաքական անմեղսունակության ու նրան տրված ինդուլգենցիայի միջև կա անտեսանելի կապ։ Նա իշխանությունը պահպանել է հանրային մեղսունակության բացակայության շնորհիվ, հետևաբար՝ որպես իշխանություն՝ իրեն ազատ է զգում անելու այն, ինչը նորմալ պայմաններում կհամարվեր անմեղսունակություն։
Արդյունքում՝ Հայաստանը վերածվել է մոտավորապես «գժի թղթով» պետության, և աշխարհում նրան վերաբերվում են այնպես, ինչպես կա՛մ իրականում մտավոր խնդիրներ ունեցողին, այսինքն՝ խղճում են, կա՛մ այդպիսի խնդիրներ չունեցողին, բայց այդպիսին ներկայացողին, այսինքն՝ չեն հարգում և օգտագործում են։ 2018թ․ իշխանության գալուց հետո մի զրույցում Նիկոլ Փաշինյանը պարծենում էր, որ Արցախի հարցում, արտաքին խաղացողների հետ հարաբերություններում ինքն իրեն «գժի տեղ է դնում»՝ դա ներկայացնելով՝ որպես բացառիկ իմաստնություն։ Կյանքը ցույց տվեց, որ ինքն ընդհանրապես պետությունը ղեկավարում է «գժի թղթի» կանխավարկածով՝ երևի նաև այն հեռահար հաշվարկով, որ երբևէ դա հնարավորություն կտա ազատվել պատասխանատվությունից։
Հարություն Ավետիսյան