Պատմաբան եւ քաղաքագետ Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ժողովրդին անընդհատ պախարակելը մեծ անարդարություն է։ Պետականազրկության և օտար տիրապետության ներկայիս պայմաններում հայ ժողովուրդը դրսևորում է ինքնակազմակերպման բացառիկ ունակություններ ու բարձր համայնքային կարգապահություն՝ թույլ չտալով, որ Հայաստանը գլորվի կատարյալ անարխիայի և զանգվածային հանցավորության գիրկը։
Այսօր սա է քաղաքական իրականությունը։ Պետք է ըստ արժանվույն գնահատենք մեր ժողովրդի խորքային գիտակցությունն ու իմաստնությունը։ Խնդիրը քաղաքական դաշտն ու պետական համակարգը հիմնովին վերակառուցելու մեջ է։
 
ԼՐԱՑՈՒՄ
 
Հայ ժողովրդին գիշեր-ցերեկ այպանողների մի քանի խումբ կամ կատեգորիա կա։
1) Օտարի գործակալներ, ովքեր հստակ պատվեր են կատարում։ Սրանց նպատակն այն է, որ ջարդեն հայերի ինքնահարգանքը, կոտրեն նրանց դիմադրելու կամքը և սեփական պետություն ունենալու հավակնությունը։
2) Քաղաքական «վերնախավի» ներկայացուցիչներ ու նրանց մանկլավիկներ, ովքեր փորձում են իրենց և իրենց կերակրող տերերի մեղքը բարդել ժողովրդի վրա՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով։
3) Քաղաքական ու քաղաքագիտական գիտելիքների բավարար պաշար չունեցող մարդիկ, ովքեր, իրենց ընդհանուր պատրաստության համաձայն, ի դեմս հայ ժողովրդի «հասկանալի» թիրախ են գտել ներկա աղետալի վիճակի մեղքը բարդելու համար։ Այս խմբում կան նաև հայրենասեր մարդիկ։
4) Ազգային թերարժեքության սուր բարդույթով վարակված մարդիկ, ովքեր հաճույք են ստանում հայերին (այսինքն՝ իրենք իրենց) վատաբանելուց ու սևացնելուց։
5) Առաջին և երկրորդ խմբերի ազդեցության տակ ընկած մարդիկ, ովքեր հետևում են օրվա «գաղափարական» հոսանքներին («մոդային»)։
Հայ ժողովրդին պախարակող-այպանողները բավականին մեծ թիվ են կազմում։ Բայց, անտրամաբանորեն, բոլորն իրենք իրենց «ժողովրդից» բարձր են համարում՝ կարծես, նրա մասնիկը չեն։