168.am. «Տիգրան Սարգսյանի վերանշանակումը նույն պաշտոնում խայտառակություն է մեր երկրի համար: Վարչապետ, որը հինգ տարի ղեկավարել է կառավարությունը և ձախողել բոլոր ոլորտները, վարչապետ, որը բացի իր բուն գործառույթներից' քիթը խոթում է ամեն ինչի մեջ և փորձում է նույնիսկ դատական համակարգը վերահսկել, վարչապետ, որն ամեն ինչ արեց, որպեսզի ժողովուրդը հուսախաբ լինի և ոչ մի ապագա չտեսնի այս երկրում: Նրան վերանշանակելը նշանակում է' ժողովրդին ասել հետևյալը՝ այլևս ոչ մի հույս մի կապեք այս իշխանության հետ»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն' անդրադառնալով Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը վարչապետի պաշտոնում: Այն, որ վերանշանակումը սպասելի էր, և դրա մասին Սերժ Սարգսյանն իր վերջին մամուլի ասուլիսում ակնարկել էր, պարզ էր: Սպասելի էր նաև ընդդիմության և նաև իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դժգոհությունն այս հարցում: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի վրդովմունքը ևս հասկանալի է, քանի որ տվյալ դեպքում տիկին Սարգսյանը հանդես է գալիս ոչ միայն' իբրև ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, այլև' մի կուսակցության ղեկավար, որի պառակտման հարցում, ըստ Լյուդմիլա Սարգսյանի թևի ներկայացուցիչների, անձամբ մասնակցություն է ունեցել Տիգրան Սարգսյանը: Լ. Սարգսյանը համոզված է, որ այն ծառայությունները, որոնք մատուցում է Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին և գործող վարչախմբին, որևէ մեկն այդ նույն չափով չի կարող մատուցել: «Նա ապահովում է և՛ լրացուցիչ եկամուտներ, և՛ ատկատներ իշխանության համար: Տիգրան Սարգսյանը լավագույն կամակատարն է, և այս իշխանություններին նման վարչապետ էր պետք,- ասաց նա' ավելացնելով,- Սերժ Սարգսյանն ուզում է բոլորին համոզել, որ իրենք չեն ձախողել նախորդ հինգ տարիները, և, քանի որ գովեստով են խոսել Տիգրան Սարգսյանի մասին, այլևս պիտի հաստատեն այդ գովեստները»: ԲՀԿ-ին էլ ոչ միայն հուզել է Տ. Սարգսյանի վերանշանակման բուն փաստը, այլ նաև դրանից հետո ՀՀԿ-ի կողմից հնչեցված գնահատականները: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը երեկ մամուլի ասուլիսում անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցված քննադատությանը, ասել էր, որ ՀՀԿ-ն, ունենալով մեծամասնություն, ընդամենն օգտագործել է Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը: «Որպես երկու անգամ համապետական հաղթած քաղաքական թիմ' նախևառաջ պետք է ունենանք և ունենք մեր պահանջները, և խաղի կանոնները մենք ենք թելադրում»,- ասել էր Հ. Սահակյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական իր գործընկերոջ ասածներին մեզ հետ զրույցում հետևյալ կերպ արձագանքեց. «Այն, որ վարչապետի պաշտոնի նշանակումը Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքն է, դա, իհարկե, այդպես է, բայց, որ այդ նշանակումը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, դա ևս միանշանակ է, որովհետև արտագաղթի նման ահագնացող տեմպերի, աղքատության նման տեմպի պայմաններում երկրում տնտեսական քաղաքականության համար պատասխանատուին վերանշանակելն, իհարկե, բազմաթիվ հարցեր է առաջացնում հանրության մեջ: Ինչ վերաբերում է խաղի կանոններ թելադրելուն, որքան տեղյակ եմ' իրենք բոլոր ամբիոններից հայտարարում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Եթե իրենք իրապես հավատում են իրենց ասածներին, ապա ցանկացած ժողովրդավարական երկրում խաղի կանոն թելադրողը լինում է ժողովուրդը, իրենց բանաձևը բնորոշ է տոտալիտար երկրներին»: Նա պնդեց' եթե վարչապետի հասցեին արված քննադատության իրենց փաստարկները ՀՀԿ-ի համար հիմնավոր չեն, ուրեմն ՀՀԿ-ականներն ընկալունակության խնդիր ունեն: Տիգրան Սարգսյանի վերանշանակումն ավելի «թեթև» են կարծես տանում ընդդիմադիր դաշտի մյուս ուժերը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե խնդիրն այստեղ այն չէ' արդարացվա՞ծ է արդյոք վերանշանակումը, կարևոր է մեկ այլ հանգամանք' ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում իշխանությունները: «Եթե փոփոխություններ չեն լինելու, նույնիսկ այդպիսի ճգնաժամի պայմաններում, եթե չի ընդունվում Րաֆֆի Հովհաննիսյանի' արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, պարզ է, որ իշխանությունն ունի ցանկություն շարունակել այն քաղաքականությունը, որ վարել է: Ուստի, այդ ամենի շրջանակում լրիվ տեղավորվում է վարչապետի վերանշանակումը: Դա ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունները որևէ կերպով չեն ցանկանում ադեկվատ արձագանքել այն ճգնաժամային իրավիճակին, որում Հայաստանը գտնվում է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նրա կարծիքով, երկրում ստեղծված իրավիճակի համար, սակայն, պատասխանատու է ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլ նաև' նրա քաղաքական ողջ թիմը: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ևս ասում է, որ կառավարությունը պետք է պատասխանատու լինի իր ներկայացրած ծրագրի չկատարման համար, և ՀՅԴ-ն առաջիկայում փորձելու է խնդիրը կարգավորել օրենսդրության դաշտում: «Դատելով այն արդյունքներից, որ ունենք, պետք է արձանագրենք, որ նախորդ կառավարությունն իր առջև դրված խնդիրները չի կարողացել լուծել: Նոր կառավարության մասին գնահատականները կհնչեցնենք' նկատի ունենալով արդյունքները»,- ասաց Արսեն Համբարձումյանը: Նա վերհիշեց, որ արդեն իր գործունեության ժամանակաշրջանն ավարտած կառավարության վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեռ երկու տարի առաջ հանդես եկավ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ' հիմնվելով կառավարության գործունեության ծրագիրը չկատարելու փաստի վրա: «Դժբախտաբար, այս առումով մեր երկրում ունենք անկատար իրավական վիճակ: Եթե կառավարությունը ձախողում է իր ներկայացրած և ԱԺ-ի կողմից հաստատված ծրագիրը, ԱԺ-ն չունի իրավասություն, չկա ընթացակարգ, թե ինչպես պետք է գնահատի կառավարության գործունեությունը: Այս առումով լուրջ խնդիր ունենք: Հետագայում նմանատիպ հարցեր չառաջանալու համար փորձելու ենք հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, որովհետև, եթե կառավարությունը ներկայացնում է գործունեության ծրագիր, այն չիրականացնելու համար ինքը պետք է պատասխանատու լինի: Քանի դեռ չունենք հստակ չափորոշիչներ և մեխանիզմներ, այս պարագայում տարատեսակ մեկնաբանություններ կարող են լինել»,- ասաց ՀՅԴ ՀՄ փոխներկայացուցիչը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ այս առիթով ասաց, թե իր համար սպասելի էր այդ վերանշանակումը: «Ես չեմ կարող մեկնաբանել իշխանությանը, որին ընդդիմադիր եմ: Ինձ դա քիչ է հետաքրքրում»,- Տիգրան Սարգսյանի վերանշանակմանն այսպես արձագանքեց նա:

«168 ԺԱՄ»