Lragir.am. Մամուլի տեղեկություններով, մայիսի վերջին Հայաստան կժամանի Ուելսի արքայազն Չարլզը, իսկ նրա այցը կկազմակերպի Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ով այժմ Լոնդոնում է ապրում:
Մի քանի տարի առաջ Արմեն Սարգսյանն ու արքայազն Չարլզը «Երեւան, իմ սեր» նախագծի համար նվիրատվությունների մի քանի հավաք են կազմակերպել: Նախագծի նպատակը Երեւանի պատմամշակութային ժառանգության պահպանումն է:
Հնարավոր է, արքայազնը ժամանում է, որպեսզի հայտարարի հիմնադրամի միջոցներով բարեգործական նախագծերի մեկնարկի մասին: Այս տարվա հունվարին հիմնադրամի համար Կոնդում՝ եկեղեցու մերձակայքում, տարածք է հատկացվել: Նախագծի համաձայն, այնտեղ 3 շենք պետք է կառուցվի՝ մեկը լսողության խնդիրներ ունեցող երեխաների, երկրորդը՝ միայնակ մայրերի ու նրանց երեխաների կարիքների համար, իսկ երրորդը եկեղեցուն կից կառույց կդառնա, որտեղ անվճար հոգեւոր ծառայություններ կմատուցվեն:
Չի բացառվում, սակայն, որ Չարլզի այցը Հայաստան կհամընկնի Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը հայտարարելու հետ:
Մի քանի ամիս առաջ Հայաստանի նախկին վարչապետ ու Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International բրիտանական ընկերության տնօրեն: Ընկերությունը հայկական Գեոթիմ ընկերության հիմնադիրն է, որը Ջերմուկի մոտ՝ Ամուլսարում, ոսկու հանքերի հետախուզում է իրականացրել: Հայաստանի բնապահպաններն ակտիվորեն պայքարում են հանքի շահագործման դեմ՝ համարելով, որ դա անուղղելի վնաս կհասցնի շրջանի բնությանը:
Հանքն ամենամեծն է համարվում տարածաշրջանում: Նախնական տվյալների համաձայն, այն 2.5 մլն ունցիա՝ 75 տոննա ոսկի է պարունակում եւ շահագործվելու է 16 տարի: Ընկերությունը մտադիր է շահագործման համար 400 մլն եվրո ներդնել, աշխատատեղեր բացել ու սոցիալական ենթակառուցվածքներ ստեղծել: Սակայն, ներկայիս օրենսդրության պայմաններում, այն կդառնա հերթական հանքը, որից Հայաստանի քաղաքացիներին կմնան բյուջե մտած խղճուկ հարկեր: Փաստորեն, Հայաստանի ոսկին Բրիտանիան է օգտագործելու:
Բրիտանական արքայազները սովորաբար մեկնում են Բաքու եւ նավթային այլ երկրներ սեփական երկրի շահերի լոբբինգ անելու համար: Թերեւս, եկել է Հայաստանի հերթը: Սակայն, արքայական գլամուրին պատիվներ տալուն զուգահեռ, Հայաստանը պետք է գնահատի հանքավայի շահագործման ռիսկերը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ բնապահպանական առումներով:
Արքայազն Չարլզը մայիսի 28-ին մասնակցելու է Հանրապետության օրվա միջոցառումներին: