168.am. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) վարչության անդամ Արման Մուսինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե կուսակցությունն ինչպիսի՞ հարաբերություններ ունի ՀԱԿ դաշինքի անդամ Ստեփան Դեմիրճյանի հետ:
«Մենք ունենք փայլուն հարաբերություններ Հայաստանի Ժողովրդական կուսակցության և ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ, այդ հարաբերությունները 5 տարի շարունակ եղել են փոխադարձ հարգանքի, մոտեցումների ընդունման հիմքի վրա, այսօր էլ այդպես են, և վստահ եմ' վաղն էլ լինելու են այդպես»,- ասաց Ա. Մուսինյանը:
Իսկ հարցին, թե ՀԱԿԿ-ն ի՞նչ հարաբերություններ ունի ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, Արման Մուսինյանը պատասխանեց այսպես.
«Նիկոլ Փաշինյանը խմբակցության անդամ է և խմբակցության շրջանակներում համագործակցում են, ես չեմ կարող շատ դետալացված ասել' կոնկրետ ինչ օրինագծերի վրա են աշխատում և այլն»:
ՀԱԿԿ ներկայացուցչին հիշեցրին, որ Փաշինյանը չի մասնակցում «ՀԱԿ» խմբակցության նիստերին, ինչին ի պատասխանն ասաց.
«Գիտեք, որ Կոնգրեսի քաղաքական ղեկավարությունն ուներ ռազմավարություն, և այդ ռազմավարության մեջ էր մտնում Կոնգրեսի ավելի կուռ, միասնական կառույցի ձևավորումը: Նիկոլ Փաշինյանն ավելի հարմար էր գտնում քաղաքացիական հարթության վրա պայքարը տանելը: Դրանք մի քիչ տարբեր են:
Կարծում եմ' ժամանակը ցույց կտա' որն է ավելի ճիշտ, այստեղ որևէ խնդիր չկա, բայց մենք պատկերացնում ենք, որ քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, այդ իսկ պատճառով համագործակցությունն այդ հարցում չստացվեց»: