Irakan.info. Վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակվելու կապակցությամբ առաձնապես շնորհավորանքների տեղատարափ չի եղել: Շարքային քաղաքացիների մոտ վարչապետի վերանշանակումը հերթական ռեպրեսիոն տրամադրություն առաջացրեց. մարդիկ սպասում էին փոփոխության, սակայն այն տեղի չունեցավ: Եվ հարցն այստեղ զուտ փոփոխությունը չէ, այլ առնվազն տարօրինակ համառությունը, որով Տ. Սարգսայնն այդքան հպարտանում է, որ մնացել է վարչապետ:
Հետաքրքիր է' ի՞նչ է զգում նա, երբ գիտի, որ իրեն պահում են' ինքն իրենից ոչ մի կշիռ չներկայացնելու համար: Երբ գիտի, որ ինքը բացառապես իր թուլության հաշվին է վարչապետի պաշտոնում. չէ որ ինքն էլ չի հավատում նրան, երբ, օրինակ, Սամվել Նիկոյանն ասում է, որ վարչապետն ուժեղ կերպար է:
Մյուս կողմից լավ է, որ Տ. Սարգսյանը մնաց վարչապետ, քանի որ պետք է մնա և պատասխան տա նախորդ 5 տարիների ձեռք բերված տնտեսական խայտառակ ցուցանիշների համար: Պետք է մնա և տեսնի' ինչպես է հասունանում սոցիալական բունտը, և ինչպես է այդ սոցիալական բունտի սայրն ուղղվում իր դեմ:
Նրա փոխարեն մենք ենք ամեն օր ականատես լինում, թե ինչպես է վարչապետի նախորդ տարիներին կայացրած կամայական որոշումների հետևանքով մարդկանց դժգոհությունն օր օրի ծայրաստիճան դառնում: Ընդամենը մի կայծ է պակասում, որ մարդիկ հեղափոխություն անեն, և այնպիսի հեղափոխություն, որին առաջնորդ էլ պետք չէ:
Եվ այս պայմաններում իշխանական պրոյեկտները «փչացնելու» համար ընդդիմության առաջնորդների այլևս պետք չի գա: Փաստ է, որ դրա հիմնական մեղավորը Տ. Սարգսյանն է: Իշխանությունը Տ. Սարգսյանին պահում է համակարգում այն պատճառով, որ իրենց ուզած պահին նրան հանձնել ժողովրդի «դատին»' իրավացիորեն նշելով, որ ինքն է եղել ոլորտի պատասխանատուն, և ինքն էլ պետք է կարգավորեր: Այլ հարց է, որ Տ. Սարգսյանը, ինչպես ամեն տեղ, շարունակում է մնալ էյֆորիկ տրամադրությունների գերին:
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, աղքատության ցուցանիշը կազմում է 35 տոկոս, բայց միայն մեր մաշկի վրա զգալով' կարող ենք ասել, որ աղքատությունը միանշանակ անցնում է 50 տոկոսի շեմը:
Արտակ Քաջար