Աջափնյակի 6/07 ընտրատեղամասում Aravot.am-ը նկարահանումներ էր անում, երբ կադրում հայտնվել է մի ոստիկան, ով ընտրատեղամասում էր:

«Մեզ մոտացավ մի հանձնաժողովական եւ հորդորեց, որ այդ նկարը ջնջեմ՝ բացատրելով, որ ոստիկանն ուղղակի անցնում էր, բան չէր անում: Մենք պատասխանեցինք, որ էական չէ, կադր է, որը չպիտի ինչ-որ մեկի ցուցումով ջնջեմ: Ավելի ուշ ընտրատեղամասից դուրս ոստիկանը մոտեցավ, թե դուք եք ինձ նկարել, հարց չկա: Ավելի ուշ մի մարդ՝ Արտակ Սարգսյանը մոտեցավ ոստիկանին եւ սկսեց բարձր-բարձր խոսել, ասա, էդ ո՞ր լրագրողն ա քեզ նկարել: Իմ զարմանքին, որ ոստիկանը քաղաքացուն զանգել, ինֆորմացիա՞ է տվել եւ դուք ստեղի հարց լուծո՞ղն եք, ես եմ լրագրողը, որը նկարել է, ինձ ի՞նչ պիտի անեք՝ նա պատասխանեց. «Ես քեզ լավագույն դեպքում պիտի հարցնեմ՝ ինչպե՞ս ես, ո՞նց ես»: Մեր մի քանի հարցերին, թե ի՞նչ գործ ունեք ընտրատեղամասում, ինչո՞ւ եկաք՝ նա պատասխանեց. «Ես ավարտել եմ պատմության ֆակուլտետը, բալիկ ջան, ազիզ ջան, դու անտեղի, անիմաստ հարցեր ես տալիս: Ես ոչ ընտրող եմ ստեղ, ոչ մի բան, հասկանում ես: Ուղղակի ընկերս ա, ընկերս ստեղ ա, եկել եմ իրան տենամ: Պրոբլեմ չկա, ինչքան ուզում ես հարց տուր: Մենք ընտրում ենք Հանրապետականին: Մենք զուտ մարդկային մարդիկ ենք, որ զգում ա, որ հայ ժողովրդին ով կարողանում ա մի փոքր բարօրություն անի»: Մեր հարցին՝ մեզ մի հարցի պատասխան է պետք՝ ինչի՞ համար եք եկել այստեղ՝ նա պատասխանեց՝ արդեն հակասելով իրեն. «Ես եկել եմ ընտրելու»: Այդ պահին երբ միացրեցինք տեսախցիկը՝ նա սկսեց հոխորտալ, թե շառ ենք անում. «Ես ստեղ եմ ապրում, քեզ ի՞նչ ձեւ բացատրեմ: Եկել եմ, դուրս եկել ես, սիրահարվել եմ քեզ, եկել եմ ամուսնանամ: Դրա համար եմ եկել»: Այդ ընտրատեղամաս էինք գնացել «Բարեւ Երեւան» դաշինքի արագ արձագանքման խմբի անդամներից մեկի՝ Գագիկ Բաղդասարյանի եղբոր՝ Մարտինի հետ: ՀՀԿ-ի հարց լուծողը սկսեց հետապնդել մեզ եւ կանգնեցրեց: Արդեն խոսակցությունը շարունակվեց. «Արա-ն ով ա, արա, դու ով ես, որ ընձի ասես գնա, արա: Արա դու ով ես» ոճով: Ողջ վեճը տեսանկարահանվում էր, եւ ՀՀԿ-ականը փորձեց խլել մեր տեսախցիկը, ինչը նրան չհաջողվեց»: