«Բարև Երևան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ձայները բերելը և մի շարք այլ ընտրախախտումներ, որոնք այսօր տեսանելի էին թե «Բարգավաճ Հայաստանի», թե «Հանրապետական» կուսակցության պարագայում, նշանակում է, որ իրենք էլ են գիտակցում, որ ընտրություններին մասնակից ուժերի նկատմամբ ժողովրդի վստահությունն այդքան մեծ չէ, և իրենք էլ են գիտակցում, որ պետք է լրացուցիչ շահագրգռեն մարդկանց, որպեսզի գան ընտրության և իրենց ընտրեն: «Սա նշանակում է, որ քաղաքական դաշտի այդ տիրույթը խնդիր ունի, ընդդիմադիր դաշտն էլ խնդիր ունի, որովհետև ստացվեց, որ ԲՀԿ-ն հանձնաժողովի ներսում խաղում է ընդդիմության կանոններով, իսկ տեղամասից դուրս՝ ՀՀԿ-ի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ այս անգամ էլ ոչ մի առումով չզարմացնող ընտրություններ էին, տեսանք այն, ինչ տեսել էինք նախորդ ընտրությունների ժամանակ. «Մեքենաներով, ավտոբուսներով, երթուղայիններով մարդկանց բերել, ուղեկցող խմբեր, քվեարկությունն ուղղորդելու փորձեր տեղամասերից դուրս, կուտակումներ, թաղի երիտասարդության, Հայաստանում բան չի փոխվել»:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն խաղում էին նույն դաշտում, նույն խաղի կանոններով, նույն մեթոդներով: «Ե՛վ մարդ բերելը, և՛ ոճը: Ես չեմ կարծում, որ մեր ընտրողների մեծ մասը հաշմանդամներ են, որոնց ուղղակի կարիք կա ուղեկցելու, մեքենայով բերելու»,- նկատեց նա:
«Ընդհանուր առմամբ՝ ասում եմ, որ ՀՀ քաղաքացին արժանի չէ այսպիսի ընտրության: Ամոթալի է, որ 21-րդ դարում մի քանի հազարամյակի պատմություն ունեցող, հազարավոր անարդարություններ տեսած և դրանից բողոքող հասարակությանը այսպիսի անարդար գործընթացում է ներգրավվել՝ թույլ չտալով, որ մարդն ուղղակի առանց կողմնակի միջնորդությամբ միայն քաղաքական ուժերի քարոզը լսելով որոշի՝ գնա՞ ընտրության, թե ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ օրվա միակ անակնկալը կլինի այն, թե ժողովուրդը ինչ չափով կպատժի իրեն պատժած քաղաքական ուժերին: