«Բարև Երևան» դաշինքը դժգոհ է ընտրությունների արդյունքներից: Ինչպես ասաց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը. «Մեր հույսերն ու սպասելիքները չարդարացվեցին, քանի որ ազատ և արդար ընտրություններ տեղի չունեցան»:
Երեկ Երևանի ընտրատեղամասերից մեկում' քվեարկության արդյունքների ամփոփումից հետո, երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն «կրվել է» ՀՀԿ-ին, ԲՀԿ-ի ներկայացուցիչը, ով, ի դեպ, նաև ավագանու անդամի թեկնածու էր, նեղսրտեց, թե' ուրեմն իշխանություններին ձեռք է տալիս, որ «Ժառանգությունը» ներկայացված լինի քաղաքապետարանում:
Հովսեփ Խուրշուդյանից ԳԱԼԱ-ն հետաքրքրվեց' արդյո՞ք իշխանություններին ձեռք է տալիս, որ «Ժառանգությունը»' «Բարև Երևան» դաշինքի կազմում, ներկայացված լինի քաղաքապետարանում, պատասխանեց. «Ես ամեն անհեթեթ արտահայտությունների, որ ինչ-որ անձնավորություն ինչ-որ կուսակցությունից ինչ-որ մի բան ասել է, չեմ պատրաստվում մեկնաբանել կամ գնահատականներ տալ: Ես կարծում եմ, որ ժողովրդին ձեռք կտար, եթե «Ժառանգությունը»' «Բարև Երևան» դաշինքը հաղթեր, և ընդհանրապես, նաև ընդդիմությունը հաղթեր այս ընտրություններում և ունենային նոր քաղաքապետ»:
Թե որոնք են լինելու «Բարև Երևան» դաշինքի հետագա քայլերը, Խուրշուդյանն ասաց, որ իրենք նախապատրաստում են գործողություններ, որոնց մասին այսօր մինչև ժամը 18:00 կտեղեկացնեն:
Արմինե Վարդանյան